«Նաիրիտ» գործարանը ոչ ոքի չի հետաքրքրում, նույնիսկ ներկայիս իշխանություններին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց գործարանի կաուչուկի արտադրության նախկին աշխատակից Նորիկ Ղահրամանյանը։
«Նաիրիտի գործարանը ոչ մեկին չի հետաքրքրում։ Դա է ամենամեծ ցավը «Նաիրիտ»–ի նախկին աշխատողների համար։ Ներկայիս իշխանություններին նույնպես չի հետաքրքրում։ Մի ամիս Փաշինյանի հետեւից գնացի միտինգներին հանուն գործարանի վերագործարկման, միտինգներին ճանաչվեցի որպես «չեբուրաշկա» ներկայացնող, բայց հույս չունեմ, որ կվերագործարկվի, իսկ պայքարը միակ միջոցն է, որ մեր պետական այրերին հիշեցնենք, որ մենք գոյություն ունենք»,–նշեց նա։
«Նաիրիտ» համակարգող խմբի անդամ, գործարանի նախկին աշխատակցուհի Կարինե Շահվերդյանն էլ շեշտեց՝ սնանկության կառավարիչը թալանում է գործարանը, թույլ չի տալիս աուդիտ իրականացնել. «Նաիրիտ»-ի վերագործարկման համար պայքարողներին ժամանակին ասում էին ներդրող բերեք, որը թեեւ ծիծաղելի էր, որ հասարակ աշխատակիցներին կառավարությունից ասում են ներդրող բերեք, սակայն այս պահին բերել ենք ներդրողներ ՌԴ–ից, բայց ցավալի է, որ ամբողջ պարտքը, որ յուրացրել էին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի նախկին գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանը, որոնց պատճառով մեծ պարտքեր են կուտակվել, մնացել է ներդրողների վրա։ Կառավարությունը հուշագիր է ստորագրել, սակայն սնանկության կառավարիչը թույլ չի տալիս աուդիտ իրականացնել։ Մենք ցանկանում ենք տեսնել վարչապետ Փաշինյանին, քանի որ հանդիպել ենք փոխվարչապետ Ավինյանի եւ նրա օգնականի հետ, սակայն առ այսօր ոչինչ չկա, գործարան չենք կարողանում մտնել, իսկ գործարանը թալանվում է սնանկության կառավարիչի կողմից»,–հավելեց նա։
Կարինե Շահվերդյանի խոսքով՝ եթե կառավարությունը հուշագիր է ստորագրել, պետք է հետեւողական լինի, այստեղ անհարկի միջամտության հարց չկա։
Գործարանի գույքի թալանի կամ ցածր գներով վաճառքի հետ կապված նա նշեց, որ «դիմել են ԱԱԾ, Գլխավոր դատախազություն, սակայն չկա այն արդյունքը, որին սպասում են, շատ դանդաղ են աշխատում»։
Նաիրիտցիների հետ հանդիպեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ ասելով, որ վարչապետը տեղյակ է խնդրից, այժմ զբաղվում են այդ հարցով։
Հիշեցնենք, որ «Նաիրիտի» աշխատանքները կանգ են առել 2010 թվականի մարտից:
«Նաիրիտի» արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանը ավելի վաղ նշել էր, որ «Նաիրիտ» գործարանում միջազգային կազմակերպություններն աուդիտ կանցկացնեն:





























