ՀՀ Զինված ուժերում ծառայած նախկին պայմանագրային զինծառայող Մինասյան Գարեգինի հայրը՝ Մինասյան Պետիկը այսօր՝ սեպտեմբերի 6-ին կառավարության շենքի դիմաց բողոքում էր, որ իր որդին 21 տարի ԶՈՒ–ում ծառայելուց հետո այսպես էլ բնակարան չի ստացել, չնայած հերթագրվել էր, ուստի հիասթափված արտերկիր է մեկնել։
«21 տարի ծառայել է բանակում, հերթագրվել է, հետաձգել են և բնակարան չեն հատկացրել, հիմա իմ երեխեքը, իմ թոռները Ռուսաստանում թափառում են։ Ես եկել եմ բողոքելու, որ իմ երեխաները գան, այստեղ աշխատեն, այստեղ ծառայեն, մեր երկիրը զարգացնեն»,–նշեց նա։
Նախկին զինծառայողի հայրը դժգոհեց, որ 5 տարվա ծառայողները տարբեր ճանապարհներով բնակարան են ստացել, իսկ իր որդին՝ ոչ։
Նա հավելեց, որ բազմիցս դիմել է Պաշտպանության նախարարություն, սակայն այնտեղից հորդորել են սպասել։ «Սա՞ է իմ պետության ապահովությունը։ Ինչո՞ւ չմնար, այստեղ շարունակեր աշխատել։ Կարոտ ենք մնացել մեր երեխեքին»,–եզրափակեց նա։





























