ՀՀ գործող իշխանությունները բավարար հիմնավորումներ անցումային արդարադատության նպատակահարմարության վերաբերյալ դեռ չեն ներկայացրել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ–ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։

«Ուստի, անցումային արդարադատության գաղափարի շուրջ հնարավոր կլինի հիմնավոր տեսակետ հայտնել միայն այն բանից հետո, երբ գործադիր իշխանությունը կներկայացնի անցումային արդարադատության անհրաժեշտության հիմնավորումը»,–հյատնեց նա:

Պատգամավորի համոզմամբ՝ զարգացումների ցանկացած սցենարի պարագայում ՀՀ պետական շահը պետք է լինի առաջնային. «Որեւէ պարագայում խմբակային, հատվածական, առանձին քաղաքական շահերով առաջնորդվելը լինելու է սխալ ճանապարհ»:

Հարցին՝ իր կարծիքով այդպիսի ճանապարհ են ընտրե՞լ գործող իշխանությունները, նա նշեց. «Ես դեռ չեմ տեսնում որեւէ ճանապարհ, որն ընտրված է, դեռեւս կան զուտ քաղաքական քննարկումներ, որի արդյունքում պետք է ինչ-որ որոշումներ կայացվեն։ Իմ անխախտ կարծիքն այն է, որ քաղաքական երկխոսությանը եւ գործընկերային քննարկումներին այլընտրանք գոյություն ունենալ չի կարող։ պետականության հիմքերի ամրապնդման տեսանկյունից ցանկացած մարտահրավեր, որն ուղղված է սահմանադրաիրավական կարգի դեմ, պետք է չեզոքացվի»,–եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում կառավարության 100 օրվա ամփոփման առիթով կազմակերպված հանրահավաքի ժամանակ կրկին նշել էր, որ պետք է լրջորեն մտածել անցումային արդարադատության նոր մարմիններ ձեւավորելու մասին, սակայն արտակարգ դատարաններ չեն ստեղծվելու․ «Մենք իսկապես պետք է լրջորեն մտածենք անցումային արդարադատության նոր մարմիններ ձեւավորելու մասին: Բայց ուզում եմ ասել, որ հանկարծ դա չշփոթեք արտակարգ դատարանների հետ»,–նշել էր վարչապետը։