Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը գտնվում է Սինգապուրում։

NEWS.am-ին ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ Դավիթ Անանյանի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը մեկնել է Սինգապուր՝ Հարավարեւելյան Ասիայի այդ առաջավոր պետության հարկային վարչարարության առաջավոր փորձն ուսումնասիրելու նպատակով: Աշխատանքային այցը կազմակերպվել է ՊԵԿ-ի եւ Համաշխարհային բանկի կողմից իրագործվող «Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի» շրջանակում:

Նախատեսվում է ՊԵԿ ներկայացուցիչների ծանոթացումը Սինգապուրի հարկային մարմնի բիզնես գործընթացների ու էլեկտրոնային կառավարման համակարգերի աշխատանքի կազմակերպմանը՝ դրանք Հայաստանում ներդնելու ակնկալիքով:

Այցի առաջին օրը` սեպտեմբերի 6-ին, ՊԵԿ պատվիրակությանն ընդունել է Սինգապուրի հարկային մարմնի ղեկավար, ներքին եկամուտների (IRAS) հանձնակատար  Նգ Վայ Չունը: Ողջույնի խոսքում ՊԵԿ նախագահը ներկայացրել է ՀՀ պատվիրակության այցի նպատակները, ՊԵԿ համակարգում ընթացող բարեփոխումները եւ ակնկալվող արդյունքները: Դավիթ Անանյանը մասնավորապես նշել է, որ առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում սինգապուրյան փորձը հարկերի հավաքագրման արդյունավետության բարձրացման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդկային ռեսուրսների օպտիմալ կառավարման, ինչպես նաեւ բարձրորակ ծառայությունների մատուցման ոլորտներում: Սինգապուրի գործընկերը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի պատվիրակությանը՝ հարկային բարեփոխումների նպատակներին հասնելու համար:

Նույն օրը տեղի են ունեցել մի շարք աշխատանքային հանդիպումներ նաեւ Սինգապուրի հարկային մարմնի տարբեր ստորաբաժանումների ղեկավարության հետ: Մասնավորապես՝ Ռազմավարական պլանավորման մասնաճյուղի ներկայացուցիչները հայկական պատվիրակությանը ներկայացրել են IRAS-ի կառուցվածքը, ռազմավարական ծրագրերը եւ տեսլականը: Այնուհետեւ Տեղեկատվական հաղորդակցությունների ստորաբաժանման ղեկավարությունը ներկայացրել է սինգապուրյան հարկային մարմնի էլեկտրոնային գործընթացները: Իսկ Հարկային օրինապահության եւ վերլուծութան ստորաբաժանման ղեկավարները հայ գործընկերներին ծանոթացրել են սինգապուրյան հարկային մարմնի հարկ վճարողների կարգապահության ամրապնդման ծրագրերին, ռիսկերի վերլուծության եւ ստուգումների պլաններին: Սինգապուրում ընկերությունների հարկային պարտավորությունների գնահատման եւ հսկողության համար կիրառվող եղանակների եւ գործիքների մասին էլ տեղեկատվություն տրամադրել են Կորպորատիվ հարկման ստորաբաժանման ղեկավարները: Այցը շարունակվում է: