Հայաստանում անհասկանալի, վտանգավոր եւ անարդար վիճակ է ստեղծվել: Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Սասնա ծռեր» խմբի անդամներից Գագիկ Եղիազարյանը:

«Տարիներ շարունակ հանցավոր գործունեություն ծավալած անձինք այսօր գտնվում են ազատության մեջ եւ շարունակում իրենց հակապետական գործունեությունը, իսկ ժողովրդի իշխանությունը յուրացրած ռեժիմի դեմ պայքարած քաղաքացիները, այդ թվում Շանթ Հարությունյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանն ու Պավլիկ Մանուկյանը, շարունակում են գտնվել անազատության մեջ, իսկ մնացածի գործերից շատերն էլ դատաքննության փուլում են գտնվում եւ վտանգ կա, որ կարող են նորից հայտնվել ճաղերից այն կողմ»,- ասաց նա:

Գագիկ Եղիազարյանը նշեց, որ երբ ապրիլին քաղաքացիները դուրս էին գալիս փողոց, ակնկալում էին, որ իշխանափոխությունից հետո բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն. «Մարդիկ դուրս էին գալիս փողոց, որ արդարությունը վերականգնվի այս երկրում, բոլոր մեղավորները պատասխանատվության կանչվեն: Սրա միակ միջոցն անցումային արդարադատությունն է, որովհետեւ այսօր դատական համակարգում այն մարդիկ են, որոնք տարիներ շարունակ անարդար որոշումներ եւ վճիռներ են կայացրել»: