«Հայաստանի ագրարագյուղացիական միություն» ՀԿ մասնագետներին հայտնի է, թե Հայաստանում խաղողի մթերման արդարացի եւ հավասարակշռված գինը որքան է, սակայն ՀԿ նախագահը հրաժարվում է այն բարձրաձայնել՝ կառավարության պաշտոնյաներին մեղադրելով իր գաղափարների գրագողության եւ հետագա ձախողման մեջ:

ՀԿ նախագահը սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ NEWS.am-ի հարցին՝ ո՞րն է խաղողի մթերման օպտիմալ գինը հարցին հրաժարվեց պատասխանել՝ հայտարարելով, որ մտադիր չէ իր գաղափարները հայտնել պետպաշտոնյաներին: «Նրանք առանց այն էլ զբաղված են մտավոր սեփականության գողությամբ»,- նշեց Բերբերյանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանի կառավարությունը պետք է նախօրոք մտահոգվի խաղողի մթերման գնի մասին, որպեսզի ե՛ւ գայլերը կուշտ լինեն, ե՛ւ ոչխարները ողջ մնան: «Արմավիրի մարզի գյուղացիները ճիշտ են անում՝ պահանջելով մթերման գների բարձրացում: Գինու գործարաններին անհրաժեշտ է ցույց տալ այս երկրում իրենց տեղը, բացատրել, որ նրանք ընդամենը արտադրողներ են, այլ ոչ թե օլիգարխներ»,- հավելեց Հկ նախագահը:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի խաղողագործները սեպտեմբերի 4-ին փակել էին Երեւան-Արմավիր մայրուղին՝ պահանջելով բարձրացնել խաղողի մթերման գինը, որը Երեւանի կոնյակի գործարանն այս տարի ընդունում է 140 դրամ մակարդակում: