Խորհրդարանի ինքնալուծարման՝ սահմանադրական փոփոխությունները ընդունելի կլինեն, եթե լինի հանրային պատվեր. այս մասին այսօր՝ օգոստոսի 7–ին,  NEWS.am–ին ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

«Այն, որ այս ԱԺ–ը նախորդ ընտրությունների արդյունքում չի արտահայտել հանրային տրամադրությունները, դա ակնհայտ է, բայց այն, որ լուծարումը պետք է լինի ժողովրդի բացարձակ մեծամասնության ցանկությամբ, դա էլ է ակնհայտ»,–պարզաբանել է պատգամավորը։

Անդրադառնալով մամուլի հրապարակմանը, թե ՀՀԿ-ականները վերջերս՝ մի հանդիպման ժամանակ, իրենց մեջ երդվել ու «հայհոյանք» են դրել, որ կողմ չեն քվեարկի ԱԺ-ն ցրելու վերաբերյալ ցանկացած նախաձեռնության եւ դաշնակիցներ են փնտրում այլ ուժերի մեջ, ԲՀԿ պատգամավորը պատասխանել է.«Խմբակցությունը  այդ հարցը չի քննարկել, քաղաքական որոշում չկա»:

Այսուհանդերձ, Ուրիխանյանն ավելացրել է. «Հայհոյանքների հետ կապված՝ երեւի թե մեկ ուրիշին հարց տաք, այդ ձեւաչափի մեջ հարց լուծելու հետ կապ չունեմ, մեկնաբանելու ցանկություն չունեմ»։

Ինքն անձամբ, դեմ է արտահայտվել 2015 թ սահմանադրական փոփոխություններին, քանի որ համոզված է, որ չի կարելի սահմանադրական  բարեփոխումներ իրականացնել որեւէ առանձին քաղաքական ուժի կամ անհատի նպատակների իրանկանացման համար։

«Ես այն պատգամավորներից եմ, որը ցանկացած պահի  պատրաստ է Սահմանադրական փոփոխությունների։ Եթե ժողովուրդը պահանջի այդ փոփոխությունները, ես կլինեմ կողմ, եթե ոչ՝ կլինեմ դեմ։ Պետք է նախ՝ ուսումնասիրություն իրականացվի, որ հասկանանք՝ հանրային պատվեր կա՞, թե՞ ոչ»,–ավելացրել է ԲՀԿ պատգամավորը։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ «Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության եւ խորհրդարանի միջեւ հակամարտությունը շարունակվում է: ՀՀԿ-ն, որ շարունակում է իր ձեռքում պահպանել օրենսդիր իշխանությունը` խորհրդարանում մնալով ամենաշատ թվով պատգամավորներ ունեցող խմբակցությունը, ոչ մի կերպ չի ցանկանում գնալ ԱԺ ինքնալուծարման եւ արտահերթ ընտրությունների:

Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, հիմա ՀՀԿ-ն այս հարցում դաշնակիցներ է որոնում խորհրդարանական մյուս ուժերի մեջ, եւ ասում են՝ մյուս խմբակցություններում (որոնք, ի դեպ, Փաշինյանի կառավարության կազմում են) գտել է համախոհների:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀԿ-ականները վերջերս՝ մի հանդիպման ժամանակ, իրենց մեջ երդվել ու «հայհոյանք» են դրել, որ կողմ չեն քվեարկի ԱԺ-ն ցրելու վերաբերյալ ցանկացած նախաձեռնության: Ասել է թե՝ նախկին իշխանությունները շարունակում են մնալ ոչ թե քաղաքական, այլ տղայական որոշումների մակարդակի: Ի դեպ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ այսօր ԱԺ-ն ցրելու հիմքեր չի տեսնում: