«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հկ նախագահ Հրաչյա Բերբերյանը որոշել է դատի չտալ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին: Այս մասին նա ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:

Ավելի վաղ Բերբերյանը հայտարարել էր Գյուղատնտեսության նախարարի դեմ դատարան դիմելու պատրաստակամության մասին, երբ վերջինիս տհաճ հայտարարություններ էր արել իր հասցեին:

«Գյուղատնտեսության ոլորտի մասնագետները բարի են, մեր նպատակն է աշխատել հանուն երկրի բարօրության եւ անգրագետ մարդկանց իրենց տեղը ցույց տալ», - ասաց նա:

Դատավարության փոխարեն, հասարակական կազմակերպության նախագահը նախընտրել է դիմել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով`խնդրելով իրեն պատճառած անձնական վիրավորանքի համար փոխհատուցում տրամադրել: Մասնագետը հրաժարվեց փոխհատուցման չափը նշել:

Բացի այդ Բերբերյանը դիմել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին`առաջարկելով 117 մլն դրամի նյութական վնասի հատուցման գումարը, որը պատճառվել է  «Հայաստանի ագրարագյուղացիական միություն» ՀԿ-ին, ուղղել այս տարվա կարկուտից տուժած ֆերմերներին տրամադրվող սուբսիդիաներին:

«Այս պահին մենք սպասում ենք պատասխանին եւ ցանկանում ենք, որպեսզի պետական փողերը ծառայեն ի բարօրություն ֆերմերների»,- ասաց Բերբերյանը:

Ավելի վաղ Բերբերյանը մեկնաբանել էր նախարարի հայտարարությունն այն մասին, որ 2018 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 50 000 տոննա ծիրան, նշել, որ այդ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը եւ դրանք բնութագրել էր որպես «թվերի նկարչություն»:

Հայկական լրատվամիջոցներից  մեկին  տված հարցազրույցում նախարարը քննադատել էր Բերբերյանի դիրքորոշումը՝ նշելով, որ եթե ինքը նկարեր, կնկարեր Բերբերյանի ծաղրանկարը։

Բերբերյանը նաեւ ասել էր, որ այդ խոսքերը իրեն 117 մլն դրամի չափով նյութական վնաս են պատճառել եւ նախարարը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 12–րդ եւ 28–րդ հոդվածները: