Սա մրցակցային գործընթաց է. ընտրում ենք Երեւանի ավագանի, որտեղ լինելու է թե՛ ԲՀԿ-ն, թե՛ «Երեւանցիներ» դաշինքը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին ասաց Երեւանի ավագանու թեկնածու, ՀՀՇ վարչության նախագահ, Ազգային Ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ «Փարավոն» ռեստորանային համալիրում անցկացվող «Կայուն եւ հարմարավետ քաղաքներ» խորագրով միջազգային կոնֆերանսին:
Տարբեր երկրներից եկած շուրջ 40 քաղաքապետերի մասին նա ասաց, որ եկել են աջակցելու իրենց, նաեւ անձամբ Գագիկ Ծառուկյանին. «Որովհետեւ ունեն գործընկերային հարաբերություն, գործընկերային հարգանք, եւ ես կարծում եմ, որ դա շատ կարեւոր եւ էական է»։
Արարատ Զուրաբյանը շնորհակալություն հայտնեց ԲՀԿ առաջնորդին, քանի որ թեեւ ԲՀԿ-ն ունի սեփական թեկնածուն, բայց իրեն նույնպես հնարավորություն է ընձեռվել մասնակցել բոլոր այն միջոցառումներին, որոնք իրականացնում է «Ծառուկյան» դաշինքը. «Սա աննախադեպ երեւույթ է Հայաստանում, դա շատ գնահատվում է թե՛ իմ, թե իմ՛ գործընկերների կողմից»։
ՀՀՇ ղեկավարը նկատեց. «Մեծ հարցական է շատերի համար, թե ո՞նց եք պատրաստվում հետագա գործընթացները տանել։ Մոռանում են, որ սա մրցակցային գործընթաց է, եւ մենք առաջին հերթին ընտրում ենք Երեւանի ավագանի, որտեղ լինելու է թե՛ ԲՀԿ-ն, թե՛ «Երեւանցիներ» դաշինքը, իսկ մեր գործընկերային հարաբերությունները եւ մեր հարաբերությունները «Ծառուկյան» դաշինքում, կարծում եմ, բոլորի մոտ էլ հավատ են ներշնչում, որ մեր թիմը կկարողանա ճիշտ եւ արդյունավետ որոշում կայացնել, եւ մենք կունենանք Երեւանի քաղաքապետ, որը իր ամբողջ ներուժը կծառայեցնի Երեւան քաղաքին»:
Արարատ Զուրաբյանը համոզմունք հայտնեց, որ հաղթելու է այն թիմը, որտեղ իրենք են, եւ Երեւանն անպայման ունենալու է քաղաքապետ, որը ներկայացնելու է այն ծրագրերը, որոնք այս միջոցառմանը կարելի է տեսնել:
«Ժամանակակից քաղաքների կարեւոր էլեմենտներն են այստեղ լուծված՝ խելացի քաղաք, ուրախ քաղաք, կանաչ, ապրելու համար հարմարավետ քաղաք: Դա իրականում մի բան է, որ բոլորիս պարտքն է, որ կարողանանք իրագործել: Մենք ունենք ծրագրեր, ունենք վճռականություն, ունենք հնարավորություն, եւ մենք շատ հոյակապ ձեւով կկառավարենք մեր քաղաքը»,- եզրափակեց Արարատ Զուրաբյանը։




























