ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ հայտարարել է  Չինաստանի նկատմամբ եւս 267 մլրդ դոլարի մաքսատուրքեր սահմանելու պատրաստակամության մասին, հաղորդում է Reuters-ը:

«200 մլրդ դոլարի մաքսատուրքերը կարող են շատ շուտով սահմանվել՝ կախված նրանից, թե ինչ կլինի նրանց հետ: Ինչ-որ իմաստով ամեն ինչ կախված է Չինաստանից: Եվ ինձ հաճելի չէ ասել, բայց եթե ես ցանկանամ, մենք առանց զգուշացնելու 267 մլրդ դոլարի մաքսատուրքեր կսահմանենք: Դա փոխում է իրավիճակը», - ասել է Թրամփը:

Ավելի վաղ Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Լոուրենս Քադլոուն ասել էր, որ Միացյալ Նահանգները դեռեւս որոշում չեն կայացրել չինական ապրանքների համար լրացուցիչ 200 միլիարդ դոլարի մաքսատուրքեր սահմանելու մասին:

Թրամփը բազմիցս հայտարարել է, որ իրեն դուր չի գալիս Չինաստանի հետ առեւտրի դեֆիցիտը: Այս տարվա հունիսի 15-ին նա հայտարարել էր, որ ԱՄՆ-ն 50 մլրդ դոլար արժողությամբ Չինաստանից ներկրվող ապրանքների համար 25 տոկոս չափով մաքսատուրքեր կսահմանի:

 Չինական իշխանությունները անմիջապես արձագանքել էին նույն արժեքով ամերիկյան ապրանքների համար մասքսատուրքեր սահմանելով, հաղորդում է ՏԱՍՍ-ը: