Երեւանի ավագանու ընտրություններում հիմնական պայքարը կընթանա 3 կուսակցությունների միջեւ, կարծում է հոգեբան Սամվել Խուդոյանը:

Սեպտեմբերի 8-ին մամուլի ասուլիսում նա հայտնեց, որ կմրցակցեն «Լուսավոր Հայաստանը», «Քաղաքացիական պայմանագիրը» եւ «Բարգավաճ Հայաստանը»:

Նրա խոսքով՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը իմիջի տեսակետից մեծ վստահություն է ներշնչում: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի թիմին, ապա նա հզոր ֆինանսական ռեսուրսներ ունի: Դրանից բացի, Նաիրա Զոհրաբյանը ակտիվ դիրք է գրավել, ինչը նրան ձեռնտու կլինի:

Ինչ վերաբերում է Հայկ Մարությանին, ապա նրա՝ սեւ-սպիտակ ուժերի մասին հայտնի հայտարարությունը նրա իմիջին զգալիորեն հարվածել է: Մյուս կողմից՝ սա կարելի է անվանել փորձի բացակայության հետեւանք, սակայն, Խուդոյանի խոսքով, քաղաքապետի թեկնածուն իր սխալը բավարար չափով չի գիտակցել: «Անհրաժեշտ է կարողանալ սեփական սխալներն ընդունել, ներողություն խնդրել եւ առաջ շարժվել»,- նա խորհուրդ տվեց Մարությանին:

Չնայած դրան, նրա կարծիքով՝ առաջիկա ընտրություններում Մարությանին եւ նրա թիմին կհաջողվի որոշակի դիրքեր գրավել: Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ապա, հոգեբանի կարծիքով, նրան հազիվ թե հաջողվի լուրջ հաջողության հասնել՝ կապված իր թույլ դիրքերի հետ: Խուդոյանը համանման արդյունքներ կանխատեսեց նաեւ Զարուհի Փոստանջյանի համար:

«Չի կարելի մոռանալ, որ Երեւանի քաղաքապետարանը կարեւոր ռեսուրս է, որը կարող է օգտագործվել խորհրդարանական արտահերթ ընտրություններում»,- նշեց փորձագետը: