ՕԵԿ-ը բացառում է  քաղաքական համագործակցությունը Ռոբերտ Քոչարյանի եւ նրան սատարող ուժերի հետ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Երեւանի ավագանու ընտրությունների ՕԵԿ նախընտրական ծրագրի շնորհանդեսի ժամանակ իր ելույթում նշեց կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:

«Օրինաց երկիր» կուսակցությունը իր 20-ամյա գործունեության Հայաստանի քաղաքական կյանքում թողել է հետք: Մենք երկրում բազմաթիվ լուսավոր փոփոխությունների նախաձեռնողն ու իրականացնողն ենք եղել: Լինելով թե իշխանության, թե ընդդիմության մեջ ՕԵԿ-ը մշտապես բարձրաձայնել է երկրին հուզող հիմնախնդիրները, ՕԵԿ-ը 250 օրենքի հեղինակ է»,-ասաց նա:

Բաղդասարյանի խոսքով, ՕԵԿ-ի անցած քաղաքական ճանապարհը եղել է ձեռքբերումների, բացթողումների ճանապարհ. «Ինչպես յուրաքանչյուր մարդ ունի առավելություններ եւ թերություններ, այնպես էլ քաղաքական կազմակերպություն: Մենք այս ընտրություններին ներկայանում ենք բավականին մրցունակ քաղաքական թիմով: Ըստ էության, մեր թիմը գերազանցապես երիտասարդացված է, նոր մարդիկ կան, բայց ես կարծում եմ, որ փորձն ու երիտասարդությունը պետք է զուգակցել, դրա համար առաջարկ է արվել, որ ցուցակը գլխավորի Մհեր Շահգելդյանը, ով փորձառու, մաքուր կենսագրությամբ, հրաշալի քաղաքական հմտություններով օժտված անձ է, ունի կառավարման փորձ»,-ընդգծեց ՕԵԿ նախագահը:

Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ ՕԵԿ-ն առաջին օրվանից աջակցել է այս հեղափոխությանը, որովհետեւ Հայաստանում կուտակվել էին բազմաթիվ խնդիրներ:

«Մեր կուսակցության բազմաթիվ անդամներ իրենց աջակցությունն են ունեցել տեղի ունեցող այս փոփոխություններին: Մենք աջակցել եւ շարունակելու ենք աջակցել Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների գործընթացին»,-ասաց նա՝ հավելելով, որ մեկ տարի առաջ ընդամենը մի քանի հազար ձայն պակասեց, որ անցնեն ԱԺ, որովհետեւ Հայաստանում տեղի ունեցավ «ձայնագողության ու ձայնագնության խայտառակ գործընթաց»:

Արթուր Բաղդասարյանը համոզմունք հայտնեց, որ այս խորհրդարանը պետք է լուծարվի. «Մենք սատարում ենք Հայաստանի նոր քաղաքական իշխանության այն մոտեցմանը, որ պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Երկրում պետք է ձեւավորել կայուն, բազմաֆունկցիոնալ քաղաքական իշխանություն, որը կկրի բարեփոխումների պատասխանատվությունը:

ՕԵԿ-ը բացառում է  քաղաքական համագործակցությունը Ռոբերտ Քոչարյանի եւ նրան սատարող քաղաքական կազմակերպությունների հետ: Մենք սատարել ու սատարում ենք իշխանությանը՝ չնույնականացվելով այն իշխանության հետ, որ կա այսօր Հայաստանում: Նոր իշխանության առջեւ ծառացած հիմնական մարտահրավերներն են փորձառության պակասը, երկրի ռազմավարական, սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի բացակայությունը, արտաքին քաղաքական ճակատում խորացող մարտահրավերները, ոչ բավարար պրոֆեսիոնալ թիմի բացակայությունը, որը կարող է արձագանքել առկա մարտահրավերներն: Ես սա ասում եմ ոչ թե չար հայացքով, այլ բարի հայացքով, իսկապես ցանկանալով, որ իշխանությունը եզրահանգումներ անի, որովհետեւ երկիրը գտնվում է ծանրագույն վիճակում»,-ասաց Արթուր Բաղդասարյանը:

Նա ընդգծեց, որ ՕԵԿ-ը Հայաստանի քաղաքական դաշտում հանդես է գալու իր օրակարգով եւ դիմագծով՝ չնույնականանալով գործող իշխանության հետ, սակայն սատարելու են յուրաքանչյուր դրական նախաձեռնության: