Նիկոլ Փաշինյանն իր աթոռի համար ժողովրդին հանեց փողոց, բայց քաղբանտարկյալների հարցը չդրեց։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, «Վարդաշեն» ՔԿՀ-ում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց անկարգություններ հրահրելու մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանը։
«Նիկոլ Փաշինյանն իր աթոռի համար ժողովրդին հանեց փողոց, բայց քաղբանտարկյալների հարցը չդրեց։ Որպեսզի անշրջելի դարձնի այսպես կոչված հեղափոխությունը, պետք է քաղաքական վճիռ իրականացնի, այսինքն՝ ԱԺ-ն պետք է քաղաքական օրենք ընդուներ, որ Հայաստանում եղել են քաղբանտարկյալներ, և բոլորին պետք է ազատ արձակել։ Իսկ իրավական դաշտում քննությունն ընթացքում կկայանա, կհստակեցվի 6 ամսում։ Այսինքն քաղաքական գործընթաց լինի, նոր իրավական։ Կեղծ հիմնավորում են, թե դատախազությունն անկախ մարմին է, որ տեսնեն՝ Նիկոլն ինչքան «զադնի» կտա։ Նիկոլը կոմպրոմիսի է գնում նախկին համակարգի հետ՝ ընդդեմ իմ նմանների»,-ասաց Շանթ Հարությունյանը։
Հարությունյանի խոսքով՝ եթե իշխանությունը հայտարարել է, որ ինքը քաղբանտարկյալ է, պետք է քննություն անցկացնեն ու պարզեն, թե ինքը քաղբանտարկյալ է, թե՝ ոչ. «Ինձ հալածել են իմ հայացքների համար։ Իմ փաստաբանն առաջարկել է բողոք ներկայացնել, ես ասել եմ՝ ոչ։ Հիմա ես չեմ վստահում մեր արդարադատությանը։ Իրենց պոտենցիալ հակառակորդների գործերը բացել են, գուցե ես էլ եմ իրենց պոտենցիալ հակառակորդների մեջ, որ ինձ չեն ուզում արդարացնել, ես չգիտեմ։ Քանի որ Հայաստանում՝ Լևոնից սկսած մինչև Նիկոլ, Ռուսաստանն է ձևավորում իշխանությունը։
Շանթ Հարությունյանը նաեւ հակասություն նկատեց Նիկոլ Փաշինյանի գործողություններում․ «Վարչապետն ասում է՝ Շանթը քաղբանտարկյալ է, դատախազն ասում է՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, ու շարունակում են իրար հետ աշխատել, դա ո՞նց է լինում։ Դա լինում է համակարգի փլուզում։ Կամ պետք է դատախազը հրաժարական տա, կամ վարչապետը, կամ պետք է վարչապետը դատախազին անվստահություն հայտնի ԱԺ-ում»։


























