Նյու Յորքում 2001 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից 17 տարի անց վերաբացվել է Քորթլենդ սթրիթ մետրոյի կայարանը, որը տեղակայված է եղել Առևտրի համաշխարհային կենտրոնի (ԱՀԿ) երկնաքերերի տակ: Այս մասին հայտնում է Քաղաքային տրանսպորտի գործակալությունը, հայտնում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով CBC News-ին։

Ինչպես նշում է հեռուստաալիքը, կայարանն ամբողջությամբ ոչնչացվել էր, երբ փլուզվել էին ԱՀԿ երկնաքերերը: Փլված շենքի կտորների մի մասն ընկել էր ստորգետնյա մետրոյի վրա։ Վերանորոգման աշխատանքների արդյունքում աբողջությամբ վերականգնվել է կայարանի առաստաղը և տեղադրվել է 365 մետր երկաթգիծ։ Կայարանը վերաանվանվել է ԱՀԿ Քորթլենդ։ ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ին անցկացվում են հիշատակի միջոցառումներ՝ նվիրված սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերին։ 2018 թվականին լրանում է ահաբեկչական գործողությունների 17 տարին: 2001-ի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներից զոհվել էր 2,9 հազար մարդ, 24-ը՝ անհայտ կորել էր: Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը, որն այդ ժամանակ ղեկավարում էր Ուսամա բեն Լադենը: