Հայաստանում ընթանում է «Շանթ 2018» զորավարժությունը։ Զորավարժության շրջանակներում կայացել է հիմնական գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ առաջին ճեպազրույցը։

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է իրավիճակը, ըստ որի 14:00-ի դրությամբ օպերատիվ իրավիճակը հետեւյալն է՝ տարածաշրջանում սրվել է դրությունը, հակառակորդը սահմանին ուժեր է կուտակել եւ անցել է կտրուկ գործողությունների, երկու կողմից զոհեր կան: Սա ուղեկցվել է տարատեսակ տեխնածին եւ բնածին պատահարներով։ Փախստականների մեծ հոսքի վտանգ կա, որի ընթացքում Հայաստան ահաբեկիչներ կարող են ներխուժել։ Իրավիճակը ներկայացվել է վարչապետին, տրվել են կոնկրետ կարգադրությունները։

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը ներկայացրել է պաշտոնական Երեւանի «գործողոթյունները»։ Ստեղծվել է շտաբ, որը գլխավորում է փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

Իրավիճակն ԱԳՆ-ն ներկայացրել է արտասահմանում ՀՀ դեսպանություններին եւ միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ ՀԱՊԿ-ին ու ԵԱՀԿ-ին։ Արտասահմանյան պետությունների դեսպանները կանչվել են ՀՀ ԱԳՆ իրավիճակին ու ՀՀ դիրքորոշմանը ծանոթացնելու համար, ինչպես նաեւ իրավիճակի հնարավոր էսկալացիային։ ՀԱՊԿ գործընկերները դիտարկում են  Հավաքական անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու հնարավորությունը։ Հետաքրքիր է, որ այս օրերին ՀՀ-ում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը, որ փաստացի նույնպես դարձավ զորավարժությունների «մասնակից»։

ԱԻՆ տվյալներով՝ երկու արտակարգ դեպք է գրանցվել։ Մի դեպքում օդանավակայանում ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի (ենթադրաբար ՌԴ քաղաքացի), նրա մոտ պայթուցիկ նյութ է հայտնաբերվել։ 2-րդ դեպքում խոշոր հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզում։

«Շանթ 2018» զորավարժությունը ղեկավարում է վարչապետը, շտաբը գլխավորում է աշխատակազմի ղեկավարը։