Լենա Նազարյանը դարձավ «Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավարը: Սեպտեմբերի 12-ին ԱԺ նիստում նրա ընտրվելու մասին նորությունը հայտնեց խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:
«Լենա Նազարյանին շնորհավորում եմ ընտրվելու առիթով»,- ասաց Գորգիսյանը: Շնորհավորանքներով նրան միացավ նաեւ ՀՀԿ-ից ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ինքը՝ Լենա Նազարյանն այդ պահին դահլիճում չէր, նա ավելի ուշ եկավ:
Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքը փաստացի փլուզվել է: Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մայրաքաղաքի ընտրություններին մասնակցում է նոր՝ «Իմ քայլը» դաշինքի կազմում, իսկ «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները կազմել են «Լույս» նոր դաշինքը: Մամուլում բազմիցս են տեղեկություններ տարածվել, որ «Հանրապետությունը» եւ «Լուսավոր Հայաստանը» արգելափակում էին Լենա Նազարյանի ընտրությունը:




























