Ինդոնեզիայի Արևելյան Յավա նահանգում Սեմերու հրաբխի առնվազն չորս ժայթքում է գրանցվել։ Այս մասին հայտնել է ասիական երկրի Հրաբխագիտության և երկրաբանական աղետների հետևանքների մեղմացման կենտրոնը։

Կենտրոնի տվյալներով՝ մոխրի սյունը բարձրացել է հրաբխի գագաթից 900 մետր (ծովի մակերևույթից՝ 4576 մետր) բարձրության վրա։ Ժայթքումներն ուղեկցվել են սպիտակ և մոխրագույն թանձր մոխրի արտանետումներով, որոնք տարածվել են դեպի հարավ-արևմուտք։ Գերատեսչությունը տարածաշրջանի բնակիչներին և զբոսաշրջիկներին կոչ է արել չմոտենալ խառնարանին 5 կմ շառավղով՝ շիկացած քարերի արտանետման վտանգի պատճառով, ինչպես նաև նախազգուշացրել է մերձակա գետահուների երկայնքով լավայի հոսքի, տաք ամպերի ձևավորման և սելավների առաջացման ռիսկի մասին։

Սեմերուն Ինդոնեզիայի՝ բարձրությամբ չորրորդ հրաբուխն է (ծովի մակերևույթից 3676 մետր) և Յավա կղզու ամենաբարձր գագաթը։

Աշխարհում խոշորագույն Ինդոնեզական արշիպելագը բաղկացած է 18 հազար կղզուց և գտնվում է այսպես կոչված Խաղաղօվկիանոսյան կրակե օղակում, ինչի պատճառով տարածաշրջանը ենթակա է ուժեղ սեյսմիկ ակտիվության։ Ընդհանուր առմամբ Ինդոնեզիայում հաշվառված է ավելի քան 500 հրաբուխ, որոնցից գործող են շուրջ 130-ը։