Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը չի ընդունել Շինարարների փողոցում խանութների քանդման դեմ բողոքող ակցիայի մասնակիցներին։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ սեփականատերերին հայտնել էին, որ խանութները, ըստ էության, քանդվում են առանց փոխհատուցման, մինչդեռ հանրային գերակա շահ ճանաչվելու պարագայում դա պարտադիր պահանջ է։ Սեփականատերերի փոխանցմամբ՝ իրենց ասել են, որ եթե ցանկանում եք փոխհատուցում ստանալ, դիմեք դատարան։ Հարյուրավոր մարդիկ զրկվում են ապրուստի միջոցներից։ Վրդովված քաղաքացիները հոկտեմբերի 12-ի առավոտյան հավաքվել են քաղաքապետարանի առջև՝ պահանջելով հանդիպում քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ։ Օրենսդրական նորամուծությունների համաձայն՝ հանրային գերակա շահ ճանաչվելու դեպքում շինությունը կարող է քանդվել՝ առանց դատարանի որոշմանը սպասելու։
Մինչ այս պահը մարդկանց գրավոր որոշում չեն տվել, ինչը նրանց զրկում է դատարան դիմելու հնարավորությունից։ Քաղաքապետ Ավինյանը չի ընդունել վրդովված քաղաքացիներին, փոխարենը գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտարարել է, որ Շինարարների փողոցի բոլոր կրպակներն ու խանութները պետք է քանդվեն։
Բողոքի ակցիայի մասնակիցների ներկայացուցիչների հետ հանդիպել են քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարն ու քարտուղարության պետը՝ վստահեցնելով, որ «քանդման համար առկա են բոլոր իրավական հիմքերը»։
«Ժամանակ չեն տալիս ո՛չ իրավունքները պաշտպանելու, ո՛չ էլ գույքը փրկելու համար։ Եթե քանդեն, էլ ի՞նչի համար դատվենք», — ասում են ակցիայի մասնակիցները։ Նրանք համոզված են, որ բանակցությունների մասին քաղաքապետի խոսքերն ու փոխհատուցման մշուշոտ խոստումները ընդամենը կրքերը հանդարտեցնելու նպատակ ունեն․ «Ի՞նչ է նշանակում՝ փողոցը պետք է մաքրվի, կարող է՞ տներն էլ քանդեք։ Որևէ մեկի բողոքով քանդելով՝ ապօրինի գործողություններ ե՞ք խրախուսում»։
Ակցիայի մասնակիցները չեն ցրվում։




























