Մեհրի 20-ը միահյուսված է մի բանաստեղծի անվան հետ, ում հանդեպ սերը դարեր շարունակ խորապես արմատավորված է եղել մարդկանց հոգիներում: Նրա պոեզիան սիրո կրակն է վառել մարդկանց սրտերում՝ անսահման քնքշությամբ ու ջերմությամբ լցնելով դրանք: Այդ բանաստեղծը Խոջա Շամս ադ-Դին Մոհամմադ Հաֆեզ Շիրազին է։

Լեզվաբան ու գրականագետ Քորուշ Քամալի Սերվեստանին, ում նախաձեռնությամբ այս օրը պաշտոնապես հռչակվել է Հաֆեզին մեծարման օր, այդ ընտրությունը մեկնաբանում է մեծ բանաստեղծի երկու առանձնահատկությամբ։ Նախ՝ Հաֆեզի բանաստեղծությունների ժողովածում լի է սիրո, բարեկամության և ջերմ կապվածության մասին տողերով։ Երկրորդ՝ այս մեծանուն բանաստեղծն այնքան բարձր դիրք է զբաղեցնում պոեզիայի աշխարհում, որ նրա մեծարման համար ընտրվել է քսան թիվը՝ որպես կատարյալ գնահատականի, և Մեհր ամիսը՝ որպես սիրո և բարության խորհրդանիշ։

Խոսելով նրա պատվանունների մասին՝ հարկ է նշել, որ նրա գրական կեղծանուն «Հաֆեզ» անվանման արմատները հասնում են իսլամական մշակույթի խորքերը, և այն բնութագրում է Ղուրանն անգիր իմացող անձին։ «Խոջա»-ն հին պարսկերենում հարգանք արտահայտող տիտղոս էր, որով դիմում էին մեծանուն մարդկանց և գիտնականներին։ Իսկ «Լիսան ալ-Ղայբ»՝ «Անտեսանելիի լեզու» կամ «Գաղտնիքների խոսնակ» պատվանունը, որով այս բանաստեղծին հաճախ հիշատակում են գրական ու մտավոր շրջանակներում, արտացոլում է նրա բանաստեղծությունների իմաստային կառուցվածքի և խորհրդավոր խորության նկատմամբ միստիկական ընկալումը։ Նրա պոեզիան տարածվում է սովորական խոսքի սահմաններից անդին և արտացոլումն է խոր աշխարհայացքի, որը յուրաքանչյուր ընթերցող բացահայտում ու յուրովի է ընկալում ՝ իր ներաշխարհի և հոգեվիճակին համապատասխան:

Քանի որ խոսք բացվեց գեղեցիկ խոսքի և լեզվական հարստության մասին, և այս օրը համընկնում է հոկտեմբերի երկրորդ երկուշաբթիի՝ Սուրբ Թարգմանչաց և հայոց գրերի գյուտի տոների օրվա հետ, տեղին կլինի օգտվել այս խորհրդանշական համընկնումից և անդրադառնալ հայերենի ու հին պարսկերենի փոխհարաբերություններին։ Հայերենն ու պարսկերենը, հայ և իրանցի ժողովուրդների աշխարհագրական հարևանության, ինչպես նաև դարավոր քաղաքակրթական ու մշակութային կապերի շնորհիվ, կառուցվածքային առումով և բառապաշարի հնագույն շերտերում ունեն բազմաթիվ կարևոր ընդհանրություններ։ Հայերենում հաշվվում է պարսկական ծագում ունեցող ավելի քան 1400 բառ։ Դրանցից որոշները հայերենում պահպանել են իրենց հին պարսկական սկզբնական ձևը, մինչդեռ նոր պարսկերենում դրանք փոփոխությունների են ենթարկվել։ Այս առումով հայերենը իրանցի լեզվաբանների համար ժամանակի յուրատեսակ պարկուճ է, որի ուսումնասիրության միջոցով հնարավոր է վերականգնել պարսկերենում ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկված միջին պարսկերեն որոշ բառերի ճշգրիտ արտասանությունը։

Այս լեզվական գանձարանը վկայում է եղբայրական երկու ժողովուրդների՝ իրանցիների և հայերնի խոր ու պատմական կապերի, ինչպես նաև երկու երկրների վաղեմի մշակութային փոխառնչությունների մասին։

Հարկ է նաև անդրադառնալ հայոց լեզվի ձևավորման հիմքում ընկած գաղափարական և հոգևոր հիմքին, որի ակունքները կապված են նրա ստեղծման և գործածության պատմության հետ։ Հայոց գրերի ստեղծմանը մասնակցել են գրական ու հայ առաքելական եկեղեցու հոգևոր գործիչներ, որոնց շարքում Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անունը առանձնահատուկ փայլով է լուսավորում հայոց լեզվի և հայ գրերի անցած ճանապարհը։ Մեկ այլ ուշագրավ հանգամանք է այն, որ հայերենով գրված առաջին բառերը Սողոմոնի առակների գրքի առաջին տողերն էին. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։ Կարծես,այս նախադասությունը մեկընդմիշտ դարձավ ուղենիշ, որի շնորհիվ հայոց գրերը, հիմնվելով բարոյական արժեքների և մարդկային բարձրագույն պատգամների վրա, հավերժական ծառայություն մատուցեցին իմաստությանը, բանականությանը և հավաքական մտքին։

Հատկանշական է, որ հենց այս իմաստության ու լեզվական ճանաչողության մեջ է թաքնված այն նուրբ կապը, որը թույլ է տալիս հայերենից ակնկալել Հաֆեզի պոեզիայի իմաստության ու խորության ըմբռնումը։

Եվ այս գրառման վերջում, առաջնորդվելով իրանցիների վաղեմի ավանդույթով, դիմեցինք Հաֆեզի բանաստեղծությունների ժողովածուին՝ բացելով մի էջ, որը համահունչ էր մեր հոգեվիճակին և խոսում էր սիրո, բարեկամության ու հավատարմության մասին։ Այս տողերը կարելի է մեկնաբանել նաև որպես իրանցի և հայ ժողովուրդների մշակութային կապի ու բարեկամության խորհրդանշական արտահայտություն։

Նա, ով բարեպաշտ մարդկանց պատիվը միշտ կպահպանի,

Բարձյալն էլ նրան բիրտ փորձանքներից հար կպահպանի:

Սրտիս սեղանը կբացեմ միայն ընկերոջ առջեւ,

Զի նա գաղտնիքս սրտի պահոցում միշտ կպահպանի:

Սի՛րտ իմ, այնպիսի՛ կյանքով ապրիր դու, որ սայթաքելիս

Հրեշտակը քեզ իր երկու ձեռքով ամուր պահպանի:

Ամու՛ր պահպանիր սիրո պայմանի թելը քո ձեռքում,

Թե յարն ուզում ես այդ նուրբ թելի մյուս կողմը պահպանի:

Հովի՛կ իմ անուշ, թե սրտիս տեսար յարիս վարսերում

Ասա՛, թանկագի՛ն, այդ տեղը թող որ սիրով պահպանի։

Յարիս ասացի՝ պահապան եղիր վշտաբեկ սրտիս,

Ասաց՝ չեմ կարող, Աստծու՛ց դա խնդրիր, գուցե պահպանի։

Հոգիս, մարմինս, սիրտս ու ինչքս մատաղ այն յարին,

Որը իր սիրո պայմանն ու խոսքը պինդ կպահպանի։

Որտեղի՞ց գտնի քո ճանապարհի փոշին Հաֆեզը,

Ո՞ր քամուց խնդրի, որ իր սրտի մեջ հավերժ պահպանի։

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամիի հոդվածը՝ Հաֆեզի օրվա և հայոց այբուբենի տոնի առթիվ