Փարիզի կենտրոնում գտնվող և ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների շրջանում մեծ ժողովրդականություն վայելող «Անֆան-Ռուժ» շուկան ամբողջությամբ ոչնչացվել է գիշերը բռնկված հրդեհի հետևանքով։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի մայրաքաղաքի Կենտրոնական շրջանի քաղաքապետ Արիել Վեյլը։

«Փարիզի հրշեջները վճռական և արդյունավետ են գործել «Անֆան-Ռուժ» շուկայում․․․ Կրակը մեկուսացվել է, սակայն շուկան ամբողջությամբ ավերված է», — X սոցիալական ցանցում գրել է շրջանի ղեկավարը։

Դեպքի վայրում աշխատող և հարակից տարածքի անվտանգությունն ապահոված հրշեջների տվյալներով՝ հրդեհը բռնկվել է գիշերվա ժամը երեքի սահմաններում (մոսկովյան ժամանակով՝ 04:00-ին): Հրշեջները հաստատել են, որ շուկան «մոխրացել է», հայտնում է BFMTV հեռուստաալիքը։ Բռնկման պատճառը չի նշվում։

Փարիզի 3-րդ շրջանում գտնվող մասամբ ծածկված այս շուկան միավորում էր տեղական արտադրողների առևտրային կետերն ու բազմաթիվ գաստրոնոմիական տաղավարները․ այն մեծ սեր էր վայելում թե՛ տեղացիների, թե՛ զբոսաշրջիկների շրջանում։

«Անֆան-Ռուժ»-ը (Marché des Enfants Rouges) Փարիզի ամենահին սննդի շուկան է, որը հիմնադրվել է 1615 թվականին՝ Լյուդովիկոս XIII թագավորի գահակալման օրոք։ Անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «Կարմիր երեխաների շուկա», առաջացել է հարևանությամբ գտնվող որբանոցի պատճառով, որի սաները կարմիր հագուստ էին կրում։