Խորհրդարանի նախագահի պաշտոնը Հովիկ Աբրահամյանին բավարարում է եւ նա չի ցանկանում նախագահ դառնալ: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ինքը՝ Հովիկ Աբրահամյանը:

«Դուք պարզապես չեք պատկերացնում, թե որքան բարդ եւ պատասխանատու է երկրի նախագահի պաշտոնը: Բայց մեր ազգի բացասական գծերից է, որ յուրաքանչյուրը, անկախ նրանից կարող է, թե՝ ոչ, ցանկանում է նախագահ դառնալ»,- հայտարարել է Աբրահամյանը` խոստովանելով, որ ժամանակին ցանկացել է վարչապետ դառնալ:

Հարցին, թե կառավարությունը հաճախ խորհրդարանին այս կամ այն օրինագիծն է թելադրում` ստիպելով իր կամքը, Աբրահամյանն ասել է. «Ո՞վ է ում թելադրում: Եթե կառավարության ցանկացած անդամ, լինի վարչապետը կամ որեւէ նախարար, հայտարարի թե իր կամքն է թելադրում խորհրդարանին, շատ կհիասթափվի: Պա՞րզ է»:

Աբրահամյանը հայտարարել է, թե խորհրդարանն, ընդունելով այս կամ այն օրինագիծը` ներկայացված կառավարության կողմից միայն նպաստում է այս կամ այն խնդրի հաղթահարմանը: