Վրացական համարանիշերով ավտոմեքենաների վարորդները շարունակում են իրենց բողոքի ակցիան: Այսօր` փետրվարի 8-ի առավոտյան ժամը 10:00-ին նրանք հավաքվել են Գյումրիի կենտրոնական կայարանում, որտեղից, ըստ պլանավորվածի, պետք է մեքենաներով ուղեւորվեն դեպի Բավրա` փակելու Հայաստանից Վրաստան տանող ճանապարհը:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց վարորդներից մեկը` այս պահին հրապարակում են հավաքվել նաեւ բազմաթիվ ոստիկաններ եւ շրջափակել են կայարանի տարածքը: Վարորդների պատմելով` երեկ երեկոյան ոստիկաններն այցելել են երեկվա Շիրակի մարզպետարանի դիմաց ակցիա կազմակերպած ակտիվիստներին եւ հորդորել ու սպառնացել`այլեւս դուրս չգալ ակցիայի: Ակցիայի մասնակիցները, սակայն անդրդվելի են մնացել:
Նշենք, որ նշված վարորդները այսօր նաեւ դիմում-բողոք են ներկայացրել երկրի նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին ու այլ պաշտոնյաների, որտեղ նշում են, որ անընդունելի է օրենսդրական փոփոխությունը, որի համաձայն վրացական համարանիշներով մեքենաները Հայաստանում կարող են վարել առավելագույնը 15 օր: «Մենք վստահ ենք, որ վերոհիշյալ փոփոխությունները ՀՀ օրենսդրության մեջ արվել են առանց տասնյակ հազարավոր հայաստանյան ընտանիքների շահերը հաշվի առնելու, առանց այդ փոփոխությունների տնտեսագիտական, սոցիալական եւ ժողովրդագրական հետեւանքները հաշվարկելու, ունենալով, լավագույն դեպքում մեկ նպատակ` ամեն գնով բյուջե լցնել, իսկ վատագույն դեպքում` շարունակել հայաթափել Հայաստանը: Բացի վերոհիշյալը, այդ օրենսդրական փոփոխությունները խոչընդոտում են Ջավախքի մեր հայրենակիցների ազատ տեղաշարժը Շիրակի մարզում եւ Հայաստանի Հանրապետությունում»,-մասնավորապես ասված է դիմում-բողոքի մեջ:





























