Հայաստանն ու Վրաստանը համատեղ կօգտագործեն երկու երկրների սահմանում գտնվող ցամաքային մաքսային կետերը՝ «Բագրատաշեն-Սադախլո», «Այրում-Սադախլո», «Գոգավան-Գուգուտի» եւ «Բավրա-Նինոցմինդա»։ Այդ նպատակով 2 երկրների կառավարությունները պետք է վավերացնեն ցամաքային մաքսային կետերի համատեղ օգտագործման մասին համաձայնագիրը։

Սպասվում է, որ Հայաստանի կառավարությունը համաձայնագիրը կհաստատի փետրվարի 10-ի կառավարության նիստի ընթացքում։

Համաձայնագրի շրջանակներում պետք է պարզեցվեն, ներդաշնակեցվեն ու փոխադարձաբար ճանաչվեն ապրանքների, տրանսպորտային միջոցների եւ ուղեւորների սահմանը հատելուն վերաբերող պաշտոնական ընթացակարգերը։

Համաձայնագիրը ներառում է մի շարք կարեւոր դրույթներ։

Այսպես՝ ուղեւորներին, տրանսպորտային միջոցներին եւ ապրանքներին վերաբերող հայտարարագրերը պետք է լրացվեն միայն ելքի երկրում, եւ մուտքի երկիրը դրանք պետք է հիմք ընդունի:

Հայտարարագրի ստուգման եւ վավերացման մաքսային ընթացակարգերը պետք է իրականացվեն միայն մուտքի երկրում:

Անձնագրային տեղեկատվությունը մուտքագրվում է ելքի երկրում, տվյալները մուտքի երկրին են փոխանցվում էլեկտրոնային եղանակով, եւ յուրաքանչյուր կողմ իրականացում է իր սեփական հսկողությունը: