Volkswagen ընկերությունը ներկայացրել է ID Tiguan էլեկտրական քրոսովերը, որը կփոխարինի ID.4 և ID.5 մոդելներին, գրել է Autocar-ը։
Մեքենան ունի նոր անվանում, թարմացված դիզայն, ավելի շատ ֆիզիկական կոճակներ սրահում և մինչև 600 կիլոմետր ընթացքի պաշար։
Չնայած նոր անվանը՝ ID Tiguan-ը շատ առումներով ID.4-ի խորապես վերամշակված տարբերակն է։ Վերանվանումն արտացոլում է Volkswagen-ի ձգտումը՝ էլեկտրական ավտոմեքենաները մոտեցնել ապրանքանիշի արդեն ծանոթ մոդելներին, այդ թվում՝ Tiguan-ի բենզինային և դիզելային տարբերակներին։

Քրոսովերի արտաքին տեսքը նույնպես փոխվել է։ Volkswagen-ը ձգտել է նրան հաղորդել ավելի ավանդական ամենագնացի կերպար՝ հրաժարվելով բարձրացված հեչբեքի տպավորությունից։ Առջևի և հետևի մասերը զարդարված են լուսային գծերով, իսկ թափքի կողային գիծն այժմ գրեթե ուղիղ անցնում է մեքենայի առջևի մասից մինչև հետև։ Ընկերության խոսքով՝ այս տարրը կդառնա ապրանքանիշի ապագա մոդելների բնորոշ գիծը։
Մեկ այլ նկատելի փոփոխություն վերաբերում է դռների բռնակներին։ ID.4-ում կիրառված դուրս եկող էլեկտրական մեխանիզմների փոխարեն հայտնվել են սովորական մեխանիկական բռնակներ։ Volkswagen-ում դա բացատրել են գնորդների ցանկությամբ։

Սրահում արտադրողը վերադարձրել է ֆիզիկական կոճակները, այդ թվում՝ կլիմայական համակարգի կառավարման համար։ Միևնույն ժամանակ, առջևի վահանակն ունի գրեթե ամբողջ լայնքով ձգվող էկրաններ։ Volkswagen-ի համար առաջին անգամ մեքենայում նախատեսվել է առանձին էկրան առջևի ուղևորի համար․ դրանով հնարավոր կլինի օգտվել YouTube, Amazon Prime Video և Spotify հավելվածներից։
Թվային գործիքային վահանակը ինքնին հիշեցնում է Golf-ի չորրորդ սերնդի ձևավորումը։ Վարորդը նաև կկարողանա ընտրել Volkswagen-ի այլ լեգենդար մոդելների ոճավորումը, այդ թվում՝ առաջին Golf-ը, Golf Country արտաճանապարհային տարբերակը, Tiguan-ի առաջին սերունդը, ռալլիի Touareg-ը և դասական Beetle-ը։
Բեռնախցիկը փոքր-ինչ փոքրացել է․ դրա ծավալը ID.4-ի համեմատ կրճատվել է 9 լիտրով։ Սակայն թափքի տակ հայտնվել է լրացուցիչ բաժին՝ լիցքավորման մալուխը պահելու համար։

Գնորդներին կառաջարկեն ուժային համակարգի մի քանի տարբերակ։ Բազային տարբերակը կստանա 188 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչ և 58 կՎտ⋅ժ տարողությամբ մարտկոց։ Volkswagen-ի գնահատմամբ՝ մեքենան առանց լիցքավորման կկարողանա անցնել մինչև 450 կիլոմետր՝ 24-ով ավելի, քան նմանատիպ համակարգով նախկին ID.4-ը։
Ավելի հզոր տարբերակը կհագեցվի 282 ձիաուժ հզորությամբ շարժիչով և 77 կՎտ⋅ժ տարողությամբ մարտկոցով։ Հայտարարված ընթացքի պաշարը կկազմի մինչև 600 կիլոմետր։ Նախատեսված է նաև լիաքարշակ մոդիֆիկացիա՝ երկու էլեկտրաշարժիչներով և 298 ձիաուժ ընդհանուր հզորությամբ։
Արտադրողը խոստանում է բարձրացնել երթևեկության հարմարավետությունը՝ կախոցում կատարված փոփոխությունների շնորհիվ։ Բացի այդ, արգելակներով քաշվող կցորդի թույլատրելի զանգվածը 1,2 տոննայից հասել է 2 տոննայի։ Կվերադառնա՞ արդյոք GTX սպորտային տարբերակը՝ առայժմ հայտնի չէ։




























