Հայաստանի ազգային արխիվում պահվող միլիոնավոր փաստաթղթերը, լուսանակարներն ու վավերագրական ֆիլմերը թվայնացնելու համար կառավարությունն այս տարի հատկացրել է շուրջ 10 մլն դրամ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը։
Նրա խոսքով,կառավարության կողմից անցած տարվա ընթացքում հատկացված գումարի չափն ավելի մեծ է եղել՝ շուրջ 80 մլն դրամ։ «Թվայնացման գործընթացը պատշաճ իրականացնելու եւ փետրվար-մարտ ամիսներին համապատասխան սարքեր ձեռք բերելու համար 40 հազար դոլարի չափով գումար տրամադրել է նաեւ մի բարերար»,- տեղեկացրեց Վիրաբյանը։
Նա նաեւ նշեց, որ Հայաստանի ազգային արխիվում պահվող նյութերի թվայնացման գործըթացը սկսվել է դեռ մի քանի տարի առաջ։ «Վավերագրական ֆիլմերի, ձայնագրությունների, լուսանկարների թվայնացումն արդեն իսկ ընթացքի մեջ է եւ արդեն մի քանի տարի է՝ հաջողությամբ իրականացվում է։ Մեզ մոտ պահվող 2 հազար վավերագրական ֆիլմերից ներկայումս թվայնացվել են 850-900-ը։ Մեր կողմից ստեղծվել են նաեւ արխիվում պահվող նյութերի էլեկտրոնային շտեմարաններ, որոնք մեծապես կօգնեն թվայնացման գործընթացի արագ ընթացքին»,- ասաց Ազգային արխիվի տնօրենը։
Անդրադառնալով գրավոր փաստաթղթերի թվայնացման գործընթացին՝ Վիրաբյանը նկատեց, որ այդ աշխատանքները դեռեւս չեն մեկնարկել։ «350 մլն գրավոր փաստաթուղթ ունենք։ Թվայնացման գործընթացի մեկնարկից հետո աշխատանքները կշարունակվեն ամենաքիչը 1-2 տասնամյակ։ Ֆիլմերի եւ ձայնագրությունների թվայնացումը կավարտենք մոտակա 2-3, լուսանկարներինը՝ 5 տարում»,- ամփոփեց Ամատունի Վիրաբյանը։
Վերջում Ազգային արխիվի տնօրենը նկատեց, որ թվայնացման բոլոր աշխատանքները կիրականացվեն բացառապես հայ մասնագետների կողմից։





























