Երեւանի Ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչությունն առանձնահատուկ էր նրանով, որ արդեն անցել է նոր հետհեղափոխական շրջան: Սեպտեմբերի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Երեւանցիներ» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը:

Նրա խոսքով, այս ընտրությունների դրական փոփոխություններից կարելի է համարել այն, որ քաղաքացիները ցանկություն ունեին, եւ ընդհանուր առմամբ համոզված էին, որ քվեարկությունն ազնիվ կանցնի, թափանցիկ, առանց որեւէ խախտումների:

 «Եվ մենք շատ մոտ ենք այդ ձեռքբերումը գրանցելուն», - ասաց Զուրաբյանը:

Նա դրական է համարում այն, որ նախընտրական քարոզչության ժամանակ, ըստ իր դիտարկումների ոչ մի թշնամական վերաբերմունք չկար: Թեկնածուն ընդգծեց, որ բացարձակապես համաձայն չէ այն պնդումների եւ գնահատականների հետ, թե տվյալ քարոզարշավը լի էր ատելությամբ: Միաժամանակ Զուրաբյանը նկատեց, որ որոշակի հիստերիա այնուամենայնիվ կար:

Զուրաբյանի գնահատմամբ, մայրաքաղաքի քարոզարշավը սահուն անցավ նոր՝ առաջիկա արտահերթ ընտրությունների փուլ, քանի որ այսօր ընթացող գործընթացները կարող են բավական լուրջ ազդել երկրի ապագայի վրա:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: