Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 18-ին կայացած հանրահավաքում հայտարարել է, որ եթե Սերժ Սարգսյանը հրաժարական տա, ինքը չի առաջադրի իր թեկնածությունը, բացառությամբ մեկ դեպքի: «Նախագահի պաշտոնից Սարգսյանի հրաժարականի պարագայում ես իմ թեկնածությունը չեմ առաջադրելու, բացառությամբ Ռոբերտ Քոչարյանի առաջադրման դեպքի»,- նշել է առաջին նախագահը՝ ելույթ ունենալով Մատենադարանի մերձակա հրապարակում հավաքված բազմահազարանոց բազմության առջեւ:

Նա նաեւ նշել է, թե «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման աննպաստ ընթացքը շրջելու առումով շատ ավելի մեծ նշանակություն կունենար Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնումն ու լեգիտիմ իշխանության ձեւավորումը»։ Տեր-Պետրոսյանը նաեւ մանրամասնել է, որ Հայաստանում իշխանափոխությունը կարող է տեղի ունենալ երկու ճանապարհով։ Առաջին եւ ամենամեղմ ճանապարհը, ըստ նրա, Սերժ Սարգսյանի ինքնակամ հրաժարականն է։ «Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանամերձ շրջանակներում շշուկներ են պտտվում, թե անկախ իր պահվածքից ու կատարած հայտարարություններից, միեւնույնն է, Սարգսյանը որեւէ փաստաթուղթ չի ստորագրի, իսկ եթե այնուամենայնիվ հարկադրված լինի ստորագրել, ապա հրաժարական կտա։ Պնդողներ կան, որ վերջինս ինքն էլ անձնական զրույցներում բազմիցս հաստատել է Ղարաբաղի խնդրի անընդունելի լուծման պարտադրանքի պարագայում հրաժարական տալու իր մտադրությունը։ Այդուհանդերձ, այդ շշուկներն, իմ կարծիքով, հիմքեր չունեն: Սերժ Սարգսյանն այնքան է խճճվել իր լեգիտիմության ճանաչման դիմաց միջազգային հանրության առջեւ ստանձնած պարտավորությունների ցանցում, որ ամենամեծ ցանկության դեպքում անգամ չի կարող չստորագրել իրեն առաջարկված վերջնական համաձայնագիրը»,- նկատել է նախկին նախագահը եւ հավելել, որ միջազգային հանրությունը բազմաթիվ լծակներ ունի այդ բանը Սարգսյանին թույլ չտալու համար:

Իշխանափոխության մյուս ճանապարհը, Տեր-Պետրոսյանի կարծիքով, Սերժ Սարգսյանի հարկադրական հրաժարականն է, որը կարող է տեղի ունենալ համաժողովրդական դժգոհության հզոր ու տեւական ալիքի բարձրացման միջոցով, թեեւ ինչպես նշել է առաջին նախագահը, Հայ Ազգային Կոնգրեսը միայնակ ի զորու չէ լուծելու այդ խնդիրը, ուստի մնացած ընդդիմադիր քաղաքական ուժերին առաջարկել է սկսել իշխանափոխության գործընթացը։ «Փաստ է, որ Կոնգրեսը Հայաստանի միակ քաղաքական կազմակերպությունն է, որ հստակորեն դրել եւ հետեւողականորեն հետապնդում է Սարգսյանի հրաժարականի եւ արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների անցկացման պահանջը։ Ուրիշ ոչ ոք առայժմ նման պահանջով հանդես չի եկել։ Դա ինչ որ կերպ կարելի էր հասկանալ, քանի դեռ իշխանափոխությունը դիտվում էր սոսկ որպես սահմանադրական կարգի վերականգնմանն ուղղված ներքաղաքական խնդիր, որի հետ շատերը կարող էին չհամաձայնել, բայց բոլորովին անհասկանալի է այն պարագայում, երբ ակնհայտորեն դրանից է կախված Լեռնային Ղարաբաղի բախտը»,- ասել է առաջին նախագահն ու ահվելել. «Ես չեմ ուզում անուններ տալ. դրանք հայտնի են բոլորիդ։ Ո՞ւր են այդ մարդիկ, ինչո՞ւ են լռում, ինչո՞ւ աղաղակ չեն բարձրացնում։ Եթե նրանց իսկապես մտահոգում է Ղարաբաղի ապագան, ապա ի՞նչն է խանգարում, որ մի անգամ էլ իրենք փողոց դուրս գան, վրաններ խփեն, շուրջօրյա հանրահավաքներ ու երթեր կազմակերպեն, բանտեր ընկնեն, կանգնեն Հայոց փառապանծ բանակի ու Ղարաբաղից բերված զորքերի արձակած գնդակների առջեւ»։

Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ հայտարարել է, որ Հայ Ազգային Կոնգրեսին Ղարաբաղի կորստյան գնով ձեռքբերված իշխանություն պետք չէ: «Նախագահի պաշտոնից Սարգսյանի հրաժարականի պարագայում ես իմ թեկնածությունը չեմ առաջադրելու, բացառությամբ Ռոբերտ Քոչարյանի առաջադրման դեպքի»,- նշել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա նաեւ հայտարարել է, թե, սպասելով Հայաստանի մյուս քաղաքական ուժերի ակտիվացմանը եւ ասպարեզը ժամանակավորապես տրամադրելով նրանց, Կոնգրեսը չի հայտարարում իր հաջորդ հանրահավաքի օրը, որի մասին կտեղեկացվի լրացուցիչ։

Առաջին նախագահը հանրահավաքի օրը չհայտնելը կապել է մեկ այլ ծանրակշիռ փաստարկի հետ, այն է, որ «վերջին մեկուկես տարվա ընթացքում շուրջ հարյուր անգամ մերժելով հանրահավաք անցկացնելու վերաբերյալ Կոնգրեսի ներկայացրած դիմումները, իշխանությունները հանկարծ մեզ թույլատրել են անցկացնել միանգամից վեց, այն էլ անընդմեջ հանրահավաք»։ Ըստ Տեր-Պետրոսյանի՝ կամ դա կապված է ԵԽԽՎ առաջիկա նիստի հետ, կամ էլ, ինչը ավելի հավանական է, Սերժ Սարգսյանը ծրագրել է Կոնգրեսին ներքաշել ինչ-որ ստոր խաղի մեջ, որին ՀԱԿ-ը, բնականաբար, տուրք տալու իրավունք չունի: