Լեգիտիմ խորհրդարանի ձեւավորումը օրվա հրամայականն է: Այս մասին հայտարարություն է տարածել Ստեփան Դեմիրճյանի գլխավորած Հայաստանի ժողովրդական կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը առաջին հերթին պայմանավորված է իշխանությունների քաղաքական կամքով:

Ընտրություններն անցան ժողովրդավարական չափանիշներին համապատասխան եւ արտահայտում են ընտրություններին մասնակցած քաղաքացիների կամքը:

ՀԺԿ-ն շնորհավորում է Երեւանի նորընտիր իշխանություններին եւ լիահույս է, որ նրանք ամեն ինչ կանեն երեւանցիների վստահությունն արդարացնելու համար: 

Այս ընտրությունները նաեւ ցույց տվեցին, որ առկա է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հստակ հասարակական պահանջ: Լեգիտիմ խորհրդարանի ձեւավորումը օրվա հրամայականն է»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններում նախնական տվյալներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է 81,06 տոկոս, ԲՀԿ-ն՝ 6,95 տոկոս, «Լույս» դաշինքը՝ 4,99 տոկոս:

Նշենք, որ այս տվյալների համաձայն, Երեւանի ավագանու 65 տեղերից 57-ը բաժին կհասնի «Իմ քայլը» դաշինքին, 5 տեղ կստանա ԲՀԿ-ն եւ 3 տեղ՝ «Լույս» դաշինքը: Մյուս ուժերը ավագանիում ներկայացված չեն լինի: