ԱԺ արտահերթ ընտրություններ անպայման պետք է լինեն, սակայն ոչ հիմա։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Ժողովրդավարական երկրներում հաճախ են լինում իրավիճակներ, որ նախագահը մի կուսակցությունից է լինում, իսկ խորհրդարանի մեծամասնությունը՝ այլ; Նույնը կարելի է ասել տեղական ընտրությունների մասին։
Փաստորեն, եթե նախագահը մի կուսակցությունից է, հետո, ասենք, երկու տարի հետո խորհրդարանում հակառակ կուսակցությունն է մեծամասնությունը կազմում, ապա նախագահը պե՞տք է հրաժարական տա, որովհետեւ իրավաճակ է փոխվել։
Մասնավորապես, շուտով ԱՄՆ-ում Կոնգրեսի մասնակի ընտրություններ են լինելու, որի արդյունքում դեմոկրատները, ըստ բոլոր կանխատեսումների, մեծամասնություն են կազմելու։ Արդյոք դրանից բխո՞ւմ է, որ իրավիճակի փոփոխության հետեւանքով Թրամպը պետք է հրաժարական տա եւ նոր նախագահական ընտրություններ հայտարարվեն։
Ժողովրդավարական երկրներում պարբերաբար իրավիճակներ են փոխվում եւ դա լավ է, սակայն կարեւոր է, որ վիճակի փոփոխությունը կայունանա եւ մարդիկ վստահ լինեն, որ ոչ թե հանգամանքների ազդեցության տակ են կատարում իրենց ընտրությունը, այլ դա խորը մտածված քայլ է։
Հ․Գ․ Այս, եւ նախորդ խորհրդարանները, իմ համոզմամբ լեգիտիմ չեն եղել եւ ընտրությունների արդյունքներին չեմ հավատացել ու հիմա նույնպես չեմ հավատում։ Այսինքն ներկայիս ԱԺ-ն ձեւավորվել է ձայների մանիպուլյացիաների արդյունքում, իրենց դերն են կատարել նաեւ ընտրակաշառքները։
Սակայն այն ժամանակ ԵԼՔ-ի բոլոր անդամները հայտարարում էին, որ իրենց օգտին տրված բոլոր ձայներին իրենք տեր են կանգնել։ Այսինքն ստացել են ընդամենը 121 997 ձայն: Այսինքն լեգիտիմացրել են այս խորհրդարանը։ Դրա համար բազմաթիվ մարդկանց կողմից քննադատության են ենթարկվել՝ խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար իշխանությունների հետ կոմպրոմիսի գնալու համար։
ԱԺ արտահերթ ընտրություններ անպայման պետք է լինեն, սակայն ոչ հիմա։ Ինչո՞ւ, որովհետեւ քաղաքական դաշտը քայքայված է, կոլապսի է ենթարկվել եւ նման պայմաններում ընտրություն գնալով մենք հերթական արհեստական խորհրդարան ենք ունենալու։ Վստահ եմ, որ մեզ կայուն քաղաքական ինստիտուտներ են պետք։ Գարնանը քաղաքական պատկերը ավելի հստակ կլինի։
Խորհրդարանը մենք ընտրում ենք 5 տարով ու բացառված չէ, որ մեկ կամ երկու տարի հետո դարձյալ իրավիճակը փոխի, ապա այդ ժամանակ ի՞նչ ենք անելու, էլի՞ հեղափոխություն։
Ժամանակ պետք է տրվի նոր քաղաքական ինստիտուտների ստեղծման ու կայացման համար, ինչպես նաեւ հասարակությունը պետք է հնարավորություն ունենա ավելի օբյեկտիվ պատկերացում կազմել գործող կառավարության ունակությունների ու արդյուների մասին եւ կարողանա գիտակցված ընտրություն կատարել՝ գարնանը»:




























