Երեւանում ձերբակալված ազգությամբ թուրք, ԱՄՆ քաղաքացի Քեւին Օքսուզը Հայաստան է ժամանել 2017թ. հուլիսին Վրաստանից։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։

Հիշեցնենք, որ Քեւին Օքսուզը շուրջ մեկ տարի Հայաստանում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Ըստ դատախազության տվյալների՝  Օքսուզի հիմնած «ԴԸ ՍԵՆԱ ԳՐՈՒՊ» ընկերությունը խուսափել է խոշոր չափերով հարկերի վճարումից, ինչի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել։

ԱԱԾ–ից հայտնեցին, որ ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ընթացքում Քեւին Օքսուզի կողմից ՀՀ պետական շահերին և ազգային անվտանգությանը սպառնացող հնարավոր գործողությունների վերաբերյալ տվյալներ չեն ստացվել։

Հարցին՝  արդյո՞ք ՀՀ ԱԱԾ–ն տվյալներ ունեցել  է Օքսուզի՝ Ադրբեջանի կառավարության հետ կապի և ԱՄՆ–ում ծավալած հակահայկական գործունեության վերաբերյալ, ԱԱԾ–ն հրաժարվել է պատասխանել՝ համարելով, որ դա պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկատվություն է։

Հիշեցնենք, որ ԱՄՆ իրավապահների կողմից հետախուզվող Քեւին Օքսուզը հայտնաբերվել է օգոստոսի 29-ին Երեւանում։ Նա մեղադրվում է՝ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովից փաստացի նյութերը կեղծելու միջոցով թաքցնելու եւ ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովին կեղծ հայտարարագիր ներկայացնելու (4 դրվագ) մեղադրանքներով:

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունն ԱՄՆ իրավասու մարմիններից միջնորդություն է ստացել Քեվին Օքսուզին արտահանձնելու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ օգոստոսի 31-ի որոշմամբ Օքսուզը մեկ ամսով կալանավորվել է։