Ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները փետրվարի 9-ին, իրացնելով օպերատիվ տվյալները, Հարավ-Արեւմտյան թաղամասում հայտնաբերել եւ ձերբակալել են մի երիտասարդի, ով մեղադրվում է սպանության մեջ:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված երիտասարդը նախկինում ՀՀ Քր. օր.-ի 177-րդ հոդվածով դատապարտված (գողություն) 29-ամյա Գեւորգ Բադալյանն է:
Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քր. օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով (սպանություն` մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից եւ շահադիտական դրդումներով, պատվերով զուգորդված շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով):
2009-ի մայիսից Գեւորգ Բադալյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Իսկ նրա հանցակից երկու ընկերներին` Պետրոս Թեմիրյանին եւ Կարեն Դալլաքյանին 2010թ. ապրիլի 28-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը դատապարտել էր ցմահ ազատազրկման:
Հիշեցնենք, որ 2009թ. ապրիլի 25-ին` ժամը 20:00-ի սահմաններում, 1951 թ. ծնված ԱՄՆ քաղաքացի, «Լիլ-Նար» ՓԲԸ-ի տնօրեն Նազարեթ-Հագոփ Բերբերյանը դուրս էր եկել Ամիրյան փողոցի իր բնակարանից եւ այլեւս չէր վերադարձել:
Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվում է քրեական գործ` սպանության հատկանիշներով: Իսկ մի քանի օր անց քրեական գործը տեղափոխվում է Երեւան քաղաքի քննչական վարչություն: Հանցագործությունը բացահայտելու համար ստեղծվում է օպերատիվ քննչական խումբ` ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետ Աշոտ Կարապետյանի գլխավորությամբ: Օպերատիվ խումբը Բերբերյանին պատկանող «Տոյոտա» մակնիշի ջիպ ավտոմեքենան հայտնաբերում է «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկանգառում: Դրանից մոտ 20 օր անց Երեւան-Սեւան մայրուղու 25,5 կմ հատվածում` ճամփեզրի ձորակում (Չայնիի ոլորանում), իրավապահները հայտնաբերում են Ն. Բերբերյանի դին` բռնության հետքերով:
Դիակի տեղն իրավապահներից ցույց էր տվել Բերբերյանի ընկերը` Պետրոս Թեմիրյանը: Քննությամբ պարզվել եւ հիմնավորվել էր, որ սպանությունը կատարվել էր խեղդամահ անելու եւ «Կետամին» դեղամիջոց ներարկելու միջոցով: Այնուհետեւ հանցագործները` Պետրոս Թեմիրյանն ու Կարեն Դալլաքյանը (վերջինս հայտնաբերվել եւ ձերբակալվել էր Մոսկվայում) հենց Բերբերյանի ջիպ ավտոմեքենայով դիակը տեղափոխում են Երեւան-Սեւան ճամփեզրի ձորակ, սպանվածի դին թաղում այնտեղ, իսկ ավտոմեքենան Գեւորգ Բադալյանը տանում է օդանավակայան: Նրանք այդ քայլով փորձում էին ալիբի ստեղծել, որ Բերբերյանը մեկնել է արտերկիր: Ավտոմեքենան եղել էր լիովին սարքին, չթալանված, նույնիսկ գործի է դրված եղել անվտանգության ձայնաազդանշային համակարգը:
Ամերիկահայ գործարար Նազարեթ Հագոփ-Բերբերյանի սպանության փաստով Մոսկվայում ձերբակալվել էր հետախուզման մեջ գտնվող ցմահ դատապարտված Կարեն Դալլաքյանը:
Նազարեթ Բարբերյանը Երեւանի կենտրոնում` Հանրապետության հրապարակից մոտ 200 մետր վերեւ` Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում կառուցվող հյուրանոցի սեփականատերն էր:




Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




























