ԱՄՆ-ում ձերբակալել են կիբեռանվտանգության ոլորտի 54-ամյա կանադացի ղեկավար Էդվարդ Դուբրովսկուն, որը մասնագիտանում է գողացված տվյալների դիմաց փրկագին պահանջող հաքերների հետ բանակցություններ վարելու մեջ: Նրան առաջադրվել են դաշնային մեղադրանքներ՝ կապված շորթման և առևտրային գործունեությանը միջամտելու հետ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը:

Դուբրովսկուն բերման են ենթարկել հինգշաբթի օրը՝ Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիայի շրջանում։ Ձերբակալությունը տեղի է ունեցել ShinyHunters հաքերային խմբավորման նկատմամբ ՀԴԲ-ի (ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրո) հետաքննության ֆոնին, որը վերջերս հայտարարել էր բյուրոյի գրեթե բոլոր աշխատակիցներին վերաբերող տեղեկատվության գողության մասին: Ընդ որում, իշխանությունները դեռ չեն հաստատել, թե արդյոք Դուբրովսկու ձերբակալությունը կապված է այս հետաքննության հետ։

Ուրբաթ օրը ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելը X սոցիալական ցանցում հայտնել է, որ գործակալները ձերբակալել են ShinyHunters-ի ևս մեկ ենթադրյալ հանցակցի: Ըստ նրա, խմբավորումը, ենթադրաբար, ներգրավված է բյուրոյում աշխատանք փնտրողների համար նախատեսված FBIjobs.gov կայքի հետ կապված վերջին միջադեպին: Կայքն աշխատում էր երրորդ կողմի ծառայություններ մատուցողի հարթակում:

Պատելը ձերբակալությունն անվանել է հերթական քայլ խմբավորման գործունեության հետաքննության մեջ, սակայն չի բացահայտել կասկածյալի անունը: ՀԴԲ-ն նույնպես չի հաստատել, որ խոսքը հենց Դուբրովսկու մասին է։

Համաձայն դատական փաստաթղթերի, նրան մեղսագրվում է դավադրություն՝ գումար ստանալու նպատակով գաղտնի տեղեկատվության բացահայտման սպառնալիքներ հնչեցնելու, ինչպես նաև առևտրային գործունեությանը միջամտելու համար: Ենթադրյալ իրավախախտումների մանրամասները դեռ հայտնի չեն. Տեխասի Արևելյան շրջանի դաշնային դատարանում քննվող քրեական գործը գաղտնիացված է:

Հինգշաբթի օրը Փենսիլվանիայում կայացված դատական որոշումը վկայում է այն մասին, որ մեղադրող կողմը պահանջել է կասկածյալին կալանքի տակ պահել մինչև խափանման միջոցի ընտրության լսումները: Ուրբաթ օրը դատարանը կարգադրել է նրան տեղափոխել Տեխաս՝ հետագա քննության համար: ԱՄՆ Բանտերի դաշնային բյուրոյի առցանց համակարգի տվյալներով,՝ Դուբրովսկին գտնվում է Ֆիլադելֆիայի դաշնային քննչական մեկուսարանում: Նրա ազատ արձակման ամսաթիվը նշված չէ:

LinkedIn-ում Դուբրովսկու պրոֆիլի համաձայն, նա զբաղվել է կիբեռհանցագործների հետ փրկագնի գումարների շուրջ բանակցություններով: Նա նաև կապված է CyberSteward ընկերության հետ, որն առաջարկում է հաքերների հետ բանակցությունների վարման, կիբեռշորթման դեպքերի կարգավորման և ենթադրյալ չարագործների հետ համաձայնագրերի կնքմանն աջակցելու ծառայություններ: