Հոկտեմբերի 11-ին Ռուսաստանը հարվածել է Խարկովի ՋԷԿ-5-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև էներգետիկ հրադադարի վերաբերյալ համաձայնության ձեռքբերման մասին հայտարարությունից մի քանի ժամ անց։ Այդ մասին իր Telegram-ալիքում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ըստ նրա, Ուկրաինան աջակցում է հրադադարի և պատերազմի ավարտի վերաբերյալ իրական և հուսալի պայմանավորվածություններին, այդ թվում՝ էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածներից հրաժարվելուն վերաբերող պայմանավորվածություններին։
«Այսօր կա Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունը, որ էներգետիկ հրադադար է ձեռք բերվել։ Սա լավ նորություն է բոլորի համար, կարևոր է, որ դա դառնա իրականություն», — գրել է Զելենսկին Telegram-ում։
Նա ընդգծել է, որ Ուկրաինան պատրաստ է դադարեցնել հարձակումները ռուսաստանյան էներգետիկ օբյեկտների վրա, եթե Մոսկվան ցուցաբերի նույնպիսի պատրաստակամություն։
Սակայն, ըստ Ուկրաինայի նախագահի, Ռուսաստանի գործողություններն առայժմ չեն վկայում հրադադարը պահպանելու մտադրության մասին։ Նա հայտնել է, որ հոկտեմբերի 11-ին «Շահեդ» տիպի անօդաչու թռչող սարքերը և կառավարվող ավիառումբերը գտնվել են ուկրաինական օդային տարածքում, իսկ ռուսաստանյան զորքերը շարունակել են հարվածներ հասցնել էներգետիկ ենթակառուցվածքներին։
«Հենց նոր հարված է հասցվել Խարկով քաղաքի ՋԷԿ-5-ին, Խարկովի էներգետիկ ենթակառուցվածքներին», — հայտարարել է Զելենսկին։
Նրա տվյալներով, վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանն ավելի քան 200 հարված է հասցրել Ուկրաինայում էլեկտրաէներգիայի արտադրության և փոխանցման օբյեկտներին։ Եվս 17 հարված, պնդում է Ուկրաինայի նախագահը, բաժին է հասել գազային և նավթային օբյեկտներին։
Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Կիևը աջակցում է էներգետիկ հրադադարին և պատրաստ է դադարեցնել հարվածները ռուսաստանյան նավթավերամշակման գործարանների վրա՝ Մոսկվայի կողմից փոխադարձ քայլերի պայմանով։





























