Չինաստանն ու Պակիստանը առաջին անգամ համատեղ ցամաքային զորքերի զորավարժություններ կանցկացնեն։ «Կարակորում-2026» անվանումով զորավարժությունները կանցկացվեն հոկտեմբերի երկրորդ կեսին Չինաստանի հյուսիս-արևմուտքում՝ Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում գտնվող Կորլա քաղաքի շրջանում։ Այդ մասին շաբաթ օրը հայտնել է ՉԺՀ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չեն Սին, հաղորդում է Սինհուան։

Ըստ նրա, զորավարժությունները միտված կլինեն բարձր լեռնային տեղանքում համատեղ հակաահաբեկչական գործողությունների մշակմանը։

Երկու երկրների զինծառայողները փորձի փոխանակում կկատարեն անօդաչու սարքերի կառավարման, շարժվող թիրախների ուղղությամբ կրակելու և մեծ հեռավորություններից դիպուկահար կրակ վարելու հարցերում։ Ծրագիրը նաև նախատեսում է համատեղ հրամանատարության ուսուցում և մարտական ստորաբաժանումների մասնակցությամբ զորաշարժեր։

Ինչպես նշել է Չեն Սին, զորավարժությունները կոչված են ամրապնդելու Չինաստանի և Պակիստանի միջև փորձի փոխանակումն ու համագործակցությունը, ինչպես նաև բարձրացնելու նրանց՝ ահաբեկչական սպառնալիքներին համատեղ դիմակայելու կարողությունը։