Առնվազն 13 ոսկեխույզ զոհվել է, ևս շուրջ 28-ը վիրավորվել են Սուդանի, Եգիպտոսի և Լիբիայի միջև սահմանամերձ շրջանում գտնվող փոքր ոսկու հանքավայրի վրա ավիահարվածի հետևանքով։ Այդ մասին կիրակի հայտնել է Sudan Doctors Network-ը, որը հետևում է Սուդանում զինված հակամարտության պայմաններում ստեղծված իրավիճակին, տեղեկացնում է Associated Press-ը։

Հարվածը հասցվել է շաբաթ օրը, այսպես կոչվող, սահմանային եռանկյունու շրջանում, որտեղ լայնորեն տարածված է արհեստագործական ոսկու արդյունահանումը։ Թե կոնկրետ ով է հասցրել հարվածը, առայժմ հայտնի չէ։ Բժշկական կազմակերպության տվյալներով, եգիպտական իշխանությունները բազմիցս նախազգուշացրել էին ոսկեխույզներին լքել այդ տարածքը, որը, ենթադրաբար, գտնվում է Եգիպտոսի վերահսկողության տակ։

Փրկված ոսկեխույզ Աբդել-Ազիզ Յուսեֆը Associated Press-ին հայտնել է, որ շաբաթ առավոտյան անհայտ ինքնաթիռը հարձակվել է լեռնային տեղանքում գտնվող ոսկու հանքավայրի վրա։ Ըստ նրա, բազմաթիվ մարդիկ զոհվել կամ վիրավորվել են, իսկ մյուսները փախել են այդ շրջանից՝ վախենալով նոր հարվածներից։

Sudan Doctors Network-ը նախազգուշացրել է, որ զոհերի թիվը կարող է աճել․ տուժածներից մի քանիսը ծանր վիճակում են, իսկ այդ շրջանում բժշկական օգնության հասանելիությունը սահմանափակ է։

Ոսկու արդյունահանումը կարևոր դեր է խաղում Սուդանում պատերազմի ֆինանսավորման մեջ։ Կառավարական բանակի հետ հակամարտության մեջ գտնվող ռազմականացված Արագ աջակցության ուժերը (RSF) ոսկի են դուրս բերում Դարֆուրի և Կորդոֆանի շրջաններից՝ այն օգտագործելով իրենց գործունեությունը ֆինանսավորելու համար։

Հունիսին եգիպտական անվտանգության ուժերը Սուդանի հետ սահմանին ձերբակալել էին հարյուրավոր մարդկանց, այդ թվում՝ օտարերկրացիների, նրանց մեղադրելով ոսկու ապօրինի արդյունահանման և մաքսանենգության մեջ։

ՄԱԿ-ի փորձագետների խմբի՝ 2024 թվականի զեկույցի համաձայն, Սուդանում արդյունահանվող ոսկու ավելի քան կեսը մաքսանենգ ճանապարհով դուրս է բերվել երկրի սահմաններից։