Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում համայնքապետի Ռաֆիկ Անդրեասյանի համակիրները փակել են միջպետական  ճանապարհը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ճանապարհը փակած գյուղացիներից մեկը։

«Պահանջում ենք, որ գյուղապետը հրաժարական չտա, հիմքեր չկան հրաժարականի, քանի որ նրա կողմնակիցները ավելի շատ են, քան ընդդիմադիրները»,-ասաց համագյուղացիներից Նարեկը։

Նա նշեց, որ գյուղացիների մի մասն էլ հավաքվել է համյանքապետարանի մոտ եւ սպասում է Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախախարար Վաչե Տերտերյանին, քննարկում է լինելու կապված գյուղապետի հետագա պաշտոնավարման հետ։

Ուրցաձորի բնակիչը նշեց, որ եթե այսօր համայնքապետի հարցը չլուծվի, իրենք նորից ճանապարհ կփակեն։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Ուրցաձորի բնակիչները փակել էին Հայաստան-Իրան միջպետական մայրուղին՝ պահանջելով համայնքապետ ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականը: Ավելի ուշ նրանք բացել էին ճանապարհը՝ պայմանով, որ համայնքապետը համաձայնություն տա.  հակառակ դեպքում նորից կփակեն ճանապարհը:

Նշենք, որ Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համայնքի բնակիչները պնդում են, որ իրենց համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը չարաշահումներ է կատարել եւ պետք է հրաժարական տա։ Իրավապահները ամիսներ առաջ քրեական գործեր են հարուցել։  «Քայլ արա, փրկիր Ուրցաձորը» կարգախոսով՝ բնակիչները պնդում են, որ Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը գուղը սարքել է անձնական օգտագործման տարածք և ամեն բան անում է բացառապես իր նպատակահարմարությամբ։

Նշենք նաեւ, որ Ուրցաձոր համայնքը խոշորացման արդյունքում ձևավորվել է Ուրցաձոր, Շաղափ և Լանջանիստ գյուղերի միավորումից: Ուրցաձորում շուրջ 3000 բնակիչ է ապրում:

Ուրցաձորցիները փակել են միջպետական ճանապարհը. պահանջում են համայնքապետի հրաժարականը