Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում էր տնտեսական ճեղքման մասին, սակայն այն նույնիսկ հեռվից տեսանելի չէ: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ փոխխոսնակ, Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Պատգամավորի խոսքով՝ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն արդեն հայտնել է այն մասին, որ 2019 թվականի պետական բյուջեի նախագծով տնտեսական աճը պետք է կազմի ընդամենը 4,9 տոկոս, սակայն լուրջ կասկածներ կան այն կապակցությամբ, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ կառավարությանը կհաջողվի թեկուզ այդ ցուցանիշն ապահովել:
«Նրանք դեռ գրում են 4,9 տոկոս, բայց մենք չգիտենք կլինի հենց 4,9 տոկոս, թե 1,9 տոկոս: Նույնիսկ այն տնտեսական աճը, որը մեզ մոտ այսօրվա դրությամբ կա, հնարավոր է դարձել միայն Հայաստանի նախկին իշխանությունների եւ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության շնորհիվ: Եվ այն ապրանքաշրջանառությունը, այն տնտեսական աճը, որ ունենք, ըստ էության, իներցիոն է»,- պարզաբանեց ՀՀԿ մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք, որ 2019 թվականի բյուջեի նախագծով նախատեսված է 4,9 տոկոս տնտեսական աճը՝ այն դեպքում, երբ 2017 թվականին այն 7 տոկոսը գերազանցել է: Չի սպասվում նաեւ աշխատավարձերի ու թոշակների բարձրացում:



























