Հաջորդ տարի պետական բյուջեից ավելի քան 300 մլն դրամ կհատկացվի «Արմաթ» նոր ինժեներական լաբորատորիաներին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

Նրա խոսքերով՝ այս ծրագրի համար պետբյուջեից հատկացվող գումարը տարեցտարի պետք է աճի, քանի որ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն առաջնահերթություն է կառավարության համար, եւ երկրին այդ ոլորտի նոր մասնագետներ են պետք։

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքերով՝ եթե հայկական բոլոր դպրոցներում բացվեն «Արմատ» ինժեներական լաբորատորիաներ, Հայաստանը կդառնա աշխարհում առաջին երկիրը, որտեղ տեխնիկական կրթությունը սկսվում է դպրոցական նստարանից։ Այս պահին, սակայն, ինժեներական լաբորատորիաներ, որտեղ երեխաները սովորում են ռոբոտներ ստեղծել եւ ծրագրավորել դրանք, կան մոտ 250 դպրոցներում, որոնց մեծ մասը Հայաստանի մարզերում են։

Վարդանյանը նշեց՝ որպեսզի երկրի բոլոր երեխաները սովորեն ռոբոտներ ստեղծել եւ դրանց ծրագրավորել, անհրաժեշտ է սարքավորել մոտ 1200 դպրոց (դրա համար անհրաժեշտ կլինի ավելի քան 10 մլն դոլար՝ գումարած ուսուցիչների աշխատավարձը)։ Փոխարենը՝ ինժեներական լաբորատորիաներն ամեն տարի կպատրաստեն մոտ 5000 ինժեներների եւ ՏՏ-ականների, ովքեր պանջարկ կունենան ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի այլ երկրներում։