Ավստրիայում օրերս տեղի ունեցած Vienna Contemporary տոնավաճառի գլխավոր թեման այս տարի Հայաստանն ու ապրիլին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն է: Այս մասին հայտնում է Vienna Contemporary.at պաշտոնական կայքէջը:

Տոնավաճառում ներկայացված էին 27 երկրներից 118 հավաքածուներ, որոնցից 34-ը` Արևելյան Եվրոպայից: Տվյալ աշխատանքները նվիրված էին տարածաշրջանային ինքնությանը և ընդգծում էին վերջին քաղաքական զարգացումները:

«2018 թվականի մայիսին Հայաստանում տեղի ունեցած սիրո և համերաշխության թավշյա հեղափոխությունն աշխարհի ուշադրությունը սևեռել է Հայաստանի վրա…Այս հեղափոխության գլխավոր հատկանիշներից էր այն, որ հաջողվեց ջնջել արվեստի և այլնի միջև սահմանագիծը, և քաղաքական թատերաբեմից հնչող յուրաքանչյուր խոսք անմիջապես մեկնաբանվում էր արվեստի համատեքստում», - գրված է պաշտոնական կայքում:

Նշվում է, թե ինչպիսի ազդեցություն են ունեցել Հայկական արվեստի վրա 1980-ական թվականներին Պերեստրոյկայի գաղափարները, որոնք ներմուծել են Արևմտյան արգելված արվեստը: Ապա ներկայացվում է հայկական արվեստում տեղի ունեցած փոփոխություններն ու տրամադրությունները հաջորդող տասնամյակներին, որոնցից 2010-ականներին արվեստագետները խորը լճացում էին ապրում` ազատության բռնաճնշման հիասթափության հետևանքով:

Տոնավաճառի առանձին մի հատված այս տարի նվիրված էր Հայաստանին: Արվեստ Հայաստան հիմնադրամի տնօրեն Անուշ Զեյնալյանն ասել է, որ շատ ուրախ է հատկապես այս տարի Հայաստանը տոնավաճառում ներկայացնելու համար:

Ցուցահանդեսում ներկայացված են Արվեստ Հայաստան հիմնադրամի 1-ին և 2-րդ ծրագրերի 6 հաղթողների աշխատանքները: Վերջիններն ընտրվել են հայաստանաբնակ և Սփյուռքում գործող արվեստագետների թվից: Նրանք են` Այրին Անաստաս և Ռենե Գաբրի, Մհեր Ազատյան, Արման Գրիգորյան, Փիրուզա Խալափյան, Ռեբեկա Թոփակյան, Միկա Վաթինյան:

Vienna Contemporary արվեստի 4-րդ տոնավաճառը թույլ է տալիս փոքր և միջին հավաքածուներին մուտք գործել ժամանակակից արվեստի շուկա, որտեղ հսկա հավաքածուների եկամուտն ավելի ու ավելի է աճում, իսկ մնացածը մնում են աննկատ այլ տոնավաճառներում: Artnet News-ում Աննա Ֆուրմանը գրում է, որ այս տարի տոնավաճառն ունեցել է 30000 այցելու, որտեղ մեծ գնումներ են կատարվել $20000-50000 դոլարի սահմաններում, ինչը բավական շահավետ արդյունք է միջին հավաքածուների համար` նաև նոր գնորդների և կուրատորների հետ ծանոթանալու առումով:

Նշվում է, որ հայ արվեստագետները լայնորեն պատկերել են հայկական ինքնությունը: Աննա Ֆուրմանի խոսքով` արվեստագետ Ռեբեկա Թոփակյանի աշխատաքում ընտանեկան լուսանկարներ են` մի շարք բնական ապակիների և կոտրված տուֆի վրա տպված: Հայոց ցեղասպանությունից հետո նրա պապիկը փախոլ է հայաստանից: Աղջիկը մեծացել է Ֆրանսիայում և ընդամենը 2 տարի առաջ է առաջին անգամ Հայաստան այցելել: