ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում ընթանում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի հանրային քննարկումը, որին մասնակցում են կուսակցությունների ու դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակել էր «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը

Նախագծի հիմնավորման մեջւ նշվում է. «ՀՀ կառավարության 2018թ. ծրագիրն արձանագրում է, որ Հայաստանում կառավարման և վստահության համակարգային ճգնաժամը մեկնարկել է այն պահից, երբ հիմք է դրվել ընտրողների ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու, քաղաքացիների  կամարտահայտման վրա ապօրինի ազդեցություններ գործադրելու, ընտրությունների արդյունքները կեղծելու արատավոր և կործանարար պրակտիկային։

Կառավարությունն իր ծրագրում կարևորում է իրապես ազատ, արդար,  թափանցիկ, ժողովրդավարական և հանրության կողմից չվիճարկվող արդյունքներ արձանագրող արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, ինչի համար անհրաժեշտ է համարում Ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումների իրականացումը։

Ընտրական օրենսդրության բարեփոխումների կարևորագույն նպատակն է Հայաստանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտի կայացումը»: