Ազգային ժողովի անցողիկ շեմը պետք է լինի մեկ տոկոս: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, կառավարության նիստերի դահլիճում Ընտրական օրենսգրքի բարեփոխման նախագծի շուրջ կազմակերպված հանրային քննարկման ժամանակ նշեց ԱԻՄ ներկայացուցիչ Վաչե Սարուխանյանը:

«Դուք պատկերացնո՞ւմ եք, թե 3-4 տոկոսն ինչ է նշանակում: Եթե 1,5 մլն մարդ մասնակցում է քվեարկությանը, դրա 4 տոկոսն անում է 60 հազար մարդ: Այսինքն 59 հազար մարդ քվեարկում է որեւէ ուժի օգտին, ու այդ ձայները չեն հաշվում: Մոտ այդքան մարդ հոկտեմբերի 2-ին վարչապետի կոչով գնացինք ԱԺ-ի դիմաց:

Բացի այդ, վարչապետը պետք է ընտրվի ուղիղ ընտրություններով, ոչ թե ԱԺ-ի կողմից նշանակվի: Մենք բացականչեցինք «Մերժիր Սերժին», բայց այսօր Սերժիկի մերժված Սահմանադրությունն օրինականացնում ենք եւ գնում առաջ»,-հայտարարեց Սարուխանյանը:

Նա անդրադարձավ նաեւ 7,5 մլն դրամ ընտրագրավին եւ անընդունելի համարեց դա: ԱԻՄ ներկայացուցիչը նշեց, որ այդկերպ օլիգարխիկ ուժերը կկարողանան ոչ միայն վճարել իրենց համար, այլեւ կեղծ կուսակցությունների համար կվճարեն եւ այդ կուսակցությունները կկարողանան մասնակցել ընտրություններին, իսկ այն մարդիկ, որոնք տասնամյակներ շարունակ պայքարել են ռեժիմի դեմ, այսօր 7,5 մլն դրամ ճարելու խնդրի առջեւ են կանգնելու ու չեն կարողանալու մասնակցել ընտրություններին: