ԱԺ-ից ստացել ենք 35 առաջարկ, որոնց մի մասն ընդունվել է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, կառավարության նիստերի դահլիճում Ընտրական օրենսգրքի բարեփոխման նախագծի շուրջ կազմակերպված հանրային քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:

Նրա խոսքով, եղել են առաջարկներ, որոնք իրենց հանձնաժողովը սատարել է, բայց իրագործելիությունը խիստ կասկածի տակ է եղել, կամ վստահություն է եղել, որ դրանք իրագործելի չեն կարճ ժամկետներում:

«Օրինակ մատնահետքերի միասնական բազայի համար պետք է 2 տարի ժամկետ: Փոխարենը ցուցակները մաքրելու տարբերակ է մտցվել, որի արդյունքում մոտ 150 հազար անուն կմաքրվի ցուցակներից, որոնք վաղուց Հայաստանում չեն ապրում:

Ընտրակարգի հետ կապված քննարկումներն ԱԺ-ում ցույց էին տալիս, որ կոնսենսուս չկա 4 խմբակցությունների շրջանում»,-ընդգծեց Իոաննիսյանը՝ հույս հայտնելով, որ ԱԺ-ում օրենսգիրքը կընդունվի:

«ԱԺ-ի կողմից այս փոփոխությունները չընդունելու սցենարը ցավոտ սցենար է ոչ միայն այն պատճառով, որ այս փոփոխություններն ավելի լավն են, քան գործող օրենսգիրքը, այլ նաեւ խնդիր կունենանք ժամկետների հետ կապված:

Ընտրական օրենսգիրքը տեխնիկապես գրված չէ արտահերթ ընտրությունների ժամկետներն ապահովելու համար: Արտահերթ ընտրությունները նշանակվում են ԱԺ ցրվելուց 30-45 օր հետո, բայց կան գործառույթներ, որոնք պետք է կատարվեն քվեարկությունից 2 ամիս առաջ: Օրինակ ՊՆ-ն պետք է 50 օր առաջ ցուցակ ներկայացնի, կամ ՀՌԱՀ-ը պետք է մեթոդաբանություն հրապարակի»,-ընդգծեց նա: