Եթե ընտրական օրենսգրքում ընտրագրավը զրոյացվի, դա լուրջ խնդիրներ է առաջացնելու ընտրությունների կազմակերպման առումով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, կառավարության նիստերի դահլիճում Ընտրական օրենսգրքի բարեփոխման նախագծի շուրջ կազմակերպված հանրային քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:

«Ենթադրենք՝ հանեցինք ընտրագրավը, ընտրություններին մասնակցում է 60 կուսակցություն։ Չասած, թե դա ինչպես է իմպլեմենտացվելու ընտրական հանձնաժողովներում, չասած, թե ո՞նց է ընտրողն այդ 60 քվեաթերթիկից ընտրելու կուսակցությունը, որն իրեն պետք է: Պատկերացնո՞ւմ եք, եթերաժամանակն ինչպե՞ս է լցվելու, ոնց է լինելու հեռուստաբանավեճը, 60 թեկնածու միանգամից մասնակցելո՞ւ է բանավեճին։ Բազմաթիվ խնդիրներ կառաջանալու»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է 7,5 մլն դրամ ընտրագրավ սահմանելուն, Իոաննիսյանը նշեց. «Ես չեմ կարծում, որ 7,5 մլն դրամ ընտրագրավը ոսկե միջինն է: Շատ սահմանելով խնդիրներ են առաջանում կուսակցությունների մասնակցության համար, քիչ սահմանելով առաջանում են խնդիրներ առհասարակ ընտրությունների համար: Կարելի է քննարկել ընտրագրավի չափը»: