Պետք է լինեն արտահերթ ընտրություններ, երկրորդ կարծիք լինել չի կարող, միայն պետք է որոշել՝ երբ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
«Խոսքը կարող է լինել միայն այն մասին, թե երբ լինեն այդ ընտրությունները, որպեսզի դրանք ադեկվատ լինեն, այսինքն հանրությունը հնարավորություն ունենա հանգիստ, իմաստավորված ընտրություն կատարել: Այս քաղաքական կատակլիզմներից հետո հանրությունը իրավունք ունի վերագնահատել քաղաքական ուժերի դերակատարումը եւ իր քվեարկությամբ տալ նրանց գնահատականները»,- ասաց նա:
Խոսրով Հարությունյանի խոսքով, հանրությունը պետք է հնարավորություն ունենա քաղաքական ուժերին իր գնահատականը տալ հանգիստ պայմաններում, ոչ թե զգացմունքային ֆոնի վրա, ոչ թե սեւերի ու սպիտակների բաժանելով:
«Ես կարծում եմ, որ ժամանակ էր պետք: Քանի որ ես տեղյակ չեմ, թե անցած մի քանի օրերին ինչ է տեղի ունեցել, խնդրում եմ՝ ինձ ժամանակ տվեք, ես կուսումնասիրեմ եւ իմ դիրքորոշումը ձեզ կասեմ»,- ընդգծեց պատգամավորը:
Խոսրով Հարությունյանը հավելեց, որ այս օրերին գործուղման մեջ է եղել եւ տեղյակ չէ, որ ՀՀԿ խմբակցության ներկա եւ նախկին մի խումբ պատգամավորներ ստորագրահավաք են սկսել, որով աջակցում են արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը:
Խոսրով Հարությունյանը հրաժարվեց նաեւ մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջեւ ստորագրված հուշագիրը, որի համաձայն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերին, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրի եւ չի աջակցի մյուս խմբակցությունների կողմից թեկնածու առաջադրելու հնարավոր նախաձեռնություններին:
Նշենք, որ այս պահի դրությամբ արդեն ԱԺ 16 պատգամավորներ փաստաթուղթ են ստորագրել՝ կողմ արտահայտվելով դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը:




























