ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգթոնի ամերիկյան դաշնակիցներից ոչ մեկը Միացյալ Նահանգների նկատմամբ իրեն այդքան թշնամաբար չի պահում, որքան Եվրոպական միությունը: Նա այս մասին ասել է CBS հեռուստաալիքի հետ հարցազրույցում:
«Ո՞վ է դաշնակիցը: Մենք շատ-շատերի հետ հոյակապ հարաբերություններ ունենք: Սակայն մեր նկատմամբ ոչ մեկն իրեն այդքան վատ չի պահում, որքան դա անում է Եվրոպական միությունը: Եվրամիությունը ստեղծվել է այն նպատակով, որ մեզնից օգտվի առեւտրի ոլորտում, նրանք հենց դա էլ արել են»,- ասել է նա:
Հաղորդավարը նշել է, որ նման հայտարարությունը թշնամական է հնչում:
«Գիտեք՝ ո՞րն է թշնամական: Այն, թե նրանք իրենց ինչպես են պահում մեր նկատմամբ: Այդ մենք չենք թշնամաբար տրամադրված… Երկար տարիներ հենց մենք ենք եղել հիմար երկրի վիճակում»,- պատասխանել է Թրամփը:
ԱՄՆ-ն մարտին եվրոպական պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսատուրք էր սահմանել՝ դա հիմնավորելով «ազգային անվտանգության նկատառումներով»: Ի պատասխան Բրյուսելը սահմանել էր մի ամբողջ շարք ամերիկյան ապրանքների լրացուցիչ հարկեր:
Թրամփը մայիսին հայտարարել էր իրանական գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու եւ այդ երկրի դեմ բոլոր պատժամիջոցները վերականգնելու մասին: Եվրամիությունից խոստացել էին եվրոպական ընկերությունների պաշտպանության նպատակով պատժամիջոցներն արգելափակել:




























