Պետք է վերջ դնել քննիչի կամ դատախազի դատարկ ենթադրություններով մարդ կալանավորելու արատավոր պրակտիկային, մինչդեռ այսօր Նիկոլ Փաշինյանի ելույթում հնչած գնահատականները դատարանները կարող են գնահատել իբրեւ ցուցում` դադարեցնելու գրավի կիրառումը որպես խափանման միջոց, ինչը սարսափելի է ու վերադարձ է անցյալին։ NEWS.am–ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ նշելով, որ վարչապետի պաշտոնակատարի մտքերից մի քանիսն իրեն մտահոգել են։

«Նախ վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ գրավի` որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկային։ Շատ ճիշտ շեշտադրում կատարվեց առ այն, որ Հայաստանում նախկինում գործել է կալանքի կանխավարկածը, ինչը հանգեցրել է նրան, որ շատ անձինք, ում նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չպետք է ընտրվեր կալանավորվել են եւ դրա արդյունքում քրեակատարողական հիմնարկները եղել են գերծանրաբեռնված, ինչն էլ ի հայտ է բերել կոռուպցիոն դրսեւորումներ։ Սակայն շարունակելով միտքը Նիկոլ Փաշինյանը փաստացի դժգոհություն է արտահայտել հիմա` նախկինի համեմատ մի փոքր ավելի հաճախ գրավի կիրառման դեպքերից։ Մենք տասնամյակներ շարունակ պայքարել ենք կալանքի կանխավարկածի բացառման համար, պայքարել ենք, որ ի վերջո կալանավորումը որպես խափանման միջոց կիրառվի միայն ծայրահեղ դեպքերում։ Ներկա պահին Հայաստանի դատարաններն էլի ոչ բավարար չափով, բայց այնուամենայնիվ սկսել են գրավը կիրառել որպես խափանման միջոց։ Ու այդ տենդենցը ոչ թե պետք է քննադատել, այլ ողջունել։ Եթե նախաքննական մարմինները Ն.Փաշինյանին զեկուցում են, թե ազատության մեջ գտնվող մեղադրյալներն ազդում են վկաների վրա ու այդ պատճառով է, որ իրենք չեն կարողանում գործեր բացահայտել, ապա դա աճպարարություն է այդ մարմինների կողմից։ Քանի որ եթե կան նման դեպքեր, ապա վարչապետին զեկուցելու փոխարեն դրանց մասին փաստերը պիտի ներկայացվեն դատարանին ու դրանով հիմնավորվի կալանքի անհրաժեշտությունը։ Պետք է վերջ դնել քննիչի կամ դատախազի դատարկ ենթադրություններով մարդ կալանավորելու արատավոր պրակտիկային։ Մինչդեռ այսօր Ն.Փաշինյանի ելույթում հնչած գնահատականները դատարանները կարող են գնահատել իբրեւ ցուցում` դադարեցնելու գրավի կիրառումը որպես խափանման միջոց, ինչը սարսափելի է ու վերադարձ է անցյալին»,– ասաց նա։

Փաստաբանն ընդգծեց, որ գրավը կիրառելու մասին դատարանի որոշման հիմնավորվածությունը կարող է ստուգել միայն վերադաս դատական ատյանը, եւ որեւէ այլ մարմին այդ որոշման հիմնավորվածությունը չի կարող ստուգել, քանի որ այդ դեպքում դատարանը որպես այդպիսին կդադարի գոյություն ունենալ. «Փոխարենը վաղուց ժամանակն է զբաղվել դատական համակարգով` ուսումնասիրել առկա խնդիրները ու մշակել դրանք շտկելու ճանապարհային քարտեզը»։

Երվանդ Վարոսյանի համար մտահոգիչ է նաեւ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե առաջիկայում մի պատգամավոր կալանավորվելու է. «Մտահոգիչ էր նաեւ ինչ-որ պատգամավորի մասին քննվող գործի մասին հնչած միտքը, թե նրա մեղքը 100 տոկոսով հիմնավորված է, ու նա կալանավորվելու է։ Նման հայտարարությունները այդ նույն ապագա մեղադրյալ պատգամավորը կարող է օգտագործել իր պաշտպանությունն իրականացնելիս ու հիմնավորել, որ տեղի է ունեցել իր անմեղության կանխավարկածի խախտում, իսկ իր ապագա կալանավորումը ոչ թե եղել է կալանավորման պայմանների ու հիմքերի առկայության հետեւանք, այլ երկրի ղեկավարի ելույթի արդյունք, որից կաշկանդված է եղել նաեւ կալանքի հարցը լուծող դատարանը։ Ինչեւէ համոզված եմ, որ քրեական գորժերին վերաբերող հայտարարություններ կատարելիս գորժադիր իշխանության ներկայացուցիչները պետք է լինեն չափազանց զգույշ»։