Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունը «բոլոր սաուդցիների համար ցավալի դեպք» է անվանել։ Ելույթ ունենալով Էր Ռիադի ներդրումային համաժողովում՝ արքայազնը ասել է, որ «դա զզվելի հանցագործություն է, որն արդարացում չունի», եւ բոլոր մեղավորները կպատժվեն։
Նրա խոսքերով Սաուդյան Արաբիան եւ Թուրքիան միասին կաշխատեն՝ «արդյունքների հասնելու համար»։
Սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Հաշքաջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Կարծիք կա, որ նրան այնտեղ սպանել են՝ Էր Ռիադի դեմ քննադատական հոդվածներ գրելու համար։ Սաուդյան Արաբիան սկզբում այդ ամենը հերքում էր՝ պնդելով, որ լրագրողը հյուպատոսությունից դուրս գալուց հետո է անհետացել, սակայն այժմ ընդունում է, որ լրագրողը սպանվել է, սակայն՝ «պատահաբար»։




























