2018 թվականի հոկտեմբերի 21-ին հանրապետության 9 մարզերի 49 համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում առերեւույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում  ստացվել է 3 հաղորդում:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 23-ին որոշում է կայացվել արձանագրված 3 նյութերով մերժել քրեական գործ հարուցելը՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում  քննության է առնվել «Hetq.am» կայքում հրապարակված՝«Հրազդանի 26/14 ընտրատեղամասում օգնողը մտել է քվեախուց՝ քվեարկել եւ իր փոխարեն եւ օգնության կարիք ունեցող անձի փոխարեն» վերտառությամբ հոդվածը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Հրազդան համայնքի բնակիչը բացատրություն  է տվել այն մասին, որ իր եւ հորեղբոր ընտանիքի հետ բնակվում են մի հարկի տակ: Հայտնել է, որ հորեղբայրը մանկուց ունի տեսողության եւ լսողության հետ խնդիր եւ նրա խնդրանքով օգնել է քվեարկել այն թեկնածուի օգտին, որին մատնանշել է հորեղբայրը:

Քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքով քննության է առնվել «Armlur.am» կայքում հրապարկված  «Հրազդանի քաղաքապետի թեկնածուն քվեարկում է ուրիշի փոխարեն» վերտառությամբ հոդվածը:

Կոտայքի մարզային քննչական վարչությունում նշված դեպքի վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում ի թիվս այլ անձանց բացատրություն է տվել Հրազդան համայնքի ղեկավարի թեկնածու  Լեւոն Ստեփանյանը եւ հայտնել, որ քաղաքացիական պարտքը կատարելու նպատակով իր տատի հետ գնացել է 26/1 ընտրատեղամաս: Քանի, որ Ստեփանյանի տատն ունեցել է տեսողության հետ կապված խնդիր եւ հնարավորություն չի ունեցել ինքնուրույն լրացնել քվեաթերթիկը,  ուստի նրանք դիմել են թիվ 26/1 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահին եւ գրանցվելով որպես օգնող անձ՝ հնարավորություն  է ստացել օգնել տատին, կատարել քվեարկություն:

Քննության է առնվել նաեւ 28/04 ընտրատեղամասի նախագահի հաղորդում այն մասին, որ ընտրություն կատարող քաղաքացին բջջային հեռախոսի միջոցով լուսանկարել է իր կողմից արդեն լրացված քվեաթերթիկը: Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալ քաղաքացին բացատրություն է տվել, որ իր արարքում չկա շահադիտական նպատակ եւ քվեաթերթիկը նկարել է հետագայում կնոջը ցույց տալու նպատակով: Քաղաքացին ընտրատեղամասում իրեն ուղղված պահանջից հետո ջնջել է լուսանկարը: