Աթենքը հայտարարել է, որ իր բացառիկ տնտեսական գոտու (ԲՏԳ) սահմանների որոշման ժամանակ Հունաստանը մտադիր չէ ուշադրություն դարձնել Թուրքիայի տեսությանը, որը միջազգային իրավունքի խախտում է։
«Հունաստանի ԲՏԳ–ի դեմարկացիան ընդհանուր առմամբ կորոշվի միջազգային իրավունքի հիմքով, եւ, իհարկե, առանց չհիմնավորված եւ կամայական տեսության, որը ընդունվել է Թուրքիայի կողմից միջազգային իրավունքի խախտմամբ»,–նշել է Հունաստանի ԱԳ նախարարը՝մեկնաբանելով Թուրքիայի պաշտպանության նախարարի խոսքերը։
«Ինչ վերաբերում է ապառազմականացման հարցերին, ապա Հունաստանի հայտնի դիրքորոշումը բխում է բացառապես միջազգային իրավունքից եւ ՄԱԿ–ի կանոնադրությունից, դրանցում ոչ մի կասկած չկա»,–նշված է հայտարարությունում։ Շեշտվում է, որ Հունաստանը չի պատրաստվում ներքաշվել ագրեսիվ հռետորաբանության մեջ։ «Մենք կոչ ենք անում հարեւան Թուրքիային պատշաճ լրջություն եւ հանձնառություն ցուցաբերել միջազգային իրավունքի ու ՄԱԿ կանոնադրության նկատմամբ»,–ասված է հայտարարությունում։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հինգշաբթի պատասխանելով Հունաստանում ամերիկյան նոր բազաների մասին հարցին հայտարարել է, որ Աթենքը պետք է պահպանի կղզիների ապառազմականացման մասին պայմանավորվածությունները, հարգի միջազգային իրավունքն ու պայմանագրերը, սադրանքների չդիմի։



























