New-York Times-ի հոդվածի հեղինակները ջանք չեն խնայում, որպեսզի լավագույն սցենարի համար «Օսկարի» արժանանան։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Խուա Չունինգը՝ մեկնաբանելով թերթի հոդվածն այն մասին, որ չինացի եւ ռուս լրտեսները հաճախ են գաղտնալսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ տեղեկացնում է AP-ն։

Նրա խոսքերով՝ նման հոդվածը հերթական անգամ ապացուցում է, որ NYT-ը «ֆեյքային նորություններ» է տարածում։ «Երկրորդ՝ առաջարկում եմ (Թրամփին) iPhone-ը փոխարինել Huawei-ով, եթե նա իրոք անհանգստացած է անվտանգության խնդիրներով»,- ասել է Չունինգը։ Կամ, ըստ նրա, Թրամփը կարող է հրաժարվել ժամանակակից կոմունիկացիոն սարքերից եւ անջատել կապն արտաքին աշխարհի հետ։

Ավելի վաղ NYT-ը, վկայակոչելով հետախուզության մեջ իր աղբյուրներին, հայտնել էր, որ չինացի եւ ռուս լրտեսները գաղտնալսում են Դոնալդ Թրամփին եւ տեղեկատվությունն օգտագործում նրա աշխատակազմի քաղաքականության վրա ազդելու համար։

ԱՄՆ նախագահը հերքել էր այդ տեղեկատվությունը՝ ասելով, որ օգտագործում է միայն կառավարական հեռախոսները եւ «հազվադեպ՝ կառավարության բջջային հեռախոսը»։